Բաժին. Բիզնես

Վարչապետ Կարապետյանն այցելել է «Ֆարմատեք» ընկերություն

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» տարածքում դեղամիջոցների արտադրման և ներկրման կազմակերպման աշխատանքներով զբաղվող «Ֆարմատեք» ընկերություն:

Հիմնական արտադրամասում և լաբորատորիաներում շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է «Ֆարմատեքի» գործունեության պայմաններին, արտադրական հզորություններին և զարգացման ծրագրերին: Կառավարության ղեկավարը կարևորել է դեղագործական այս ընկերության գործունեության ընդլայնումն ու արտադրական ծավալների ավելացումը:

Կարեն Կարապետյանն այցելել է նաև «Արաբկիր» բժշկական համալիր, ծանոթացել մատուցվող մանկաբուժական ծառայություններին, ապա խորհրդակցություն անցկացրել «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Խորհրդակցության ընթացքում կառավարության ղեկավարը ներկայացրել է առողջապահության ոլորտում նախատեսվող բարեփոխումները և դրանց փիլիսոփայությունն ու նպատակը: Քննարկվել են, մասնավորապես, ոլորտում կոռուպցիայի վերացման, մատուցվող ծառայությունների որակի, պետական պատվերի բաշխման համակարգի, դեղորայքային քաղաքականության, պետական վերահսկողության մեխանիզմների, մարզային առողջապահական համակարգերի խնդիրները:

Վարչապետը հորդորել է «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ ներկայացուցիչներին՝ Առողջապահության նախարարի հետ ակտիվ համագործակցությամբ մշակել և ներկայացնել քննարկված հարցերին վերաբերող կոնկրետ առաջարկությունների փաթեթ:

Share