Բաժին. Բիզնես

Աջակցություն ներդրումային ծրագրերին. կստեղծվի մոտ 1900 աշխատատեղ

Կառավարության որոշմամբ «Ինվեսթմընթ մեդիա գրուպ (ԱՅ-ԷՄ-ՋԻ)» ՍՊԸ կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը կազատվեն ներմուծման մաքսատուրքից: Ընկերությունը ներմուծվող հումքն օգտագործելու է արևային էներգիայի արտադրության մեջ։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 41,849,000 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ իրացվելու է ՀՀ տարածքում։ Նախատեսվում է ստեղծել 10 նոր աշխատատեղ՝ 100,000 ամսական միջին աշխատավարձով։ Ընկերությունն այդ նպատակով կիրականացնի 287,177,619 ՀՀ դրամի ներդրում։

Մեկ այլ որոշմամբ էլ երեք տարով հետաձգվել է ներդրումային ծրագրի շրջանակում «Արարատի գինու գործարան» ՍՊԸ կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ԱԱՀ գումարների վճարման ժամկետը: Ընկերությունը նախատեսում է ձեռք բերել խմիչքների արտադրության և շշալցման հոսքագծեր, որով էլ ավելի կբարձրացնի արտադրության որակը և կավելացնի արտադրանքի ծավալները։ Վերազինման աշխատանքների իրականացման նպատակով նախատեսվում է կատարել շուրջ 3,1 մլրդ ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում կստեղծվի մոտ 23 աշխատատեղ` 2017թ. 162, 2018թ 185, 2019թ. 195 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Գործադիրի որոշմամբ նույն արտոնությունից կօգտվի նաև «Լիդիան Արմենիա» ՓԲԸ: Ընկերությունը (նախկին «Գեոթիմ» ՓԲԸ) երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացրել Սյունիքի և Վայոց ձորի մարզերում, ինչի արդյունքում հայտնաբերել է Ամուլսարի ոսկու քվարցիտների հանքավայրը։ Ներդրումային ծրագրի շրջանակում «Լիդիան Արմենիա»-ն նախատեսում է կառուցել և շահագործել Ամուլսարի ոսկու քվարցիտների հանքավայր՝ կատարելով 179,4 մլրդ ՀՀ դրամի ներդրում: Հանքի շահագործման ընթացքում կարտադրվի մոտ 2 միլիոն ունցիա ոսկի և մոտ 3 միլիոն ունցիա արծաթ, որը ամբողջականությամբ կարտահանվի։ Արդյունքում կստեղծվի մոտ 465 աշխատատեղ` 2017թ. 525, 2018թ. 525 և 2019թ. 490 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Share