Բաժին. Բիզնես

Մեկնարկել է WWDC 2017 համաժողովը՝ Apple-ը մի շարք նորամուծություններ է ներկայացրել

Սիլիկոնային հովտի Սան-Խոսե քաղաքում մեկնարկել է Apple-ի տարեկան WWDC 2017 (Apple Worldwide Developers Conference) համաժողովը։ WWDC-ի ընթացքում Apple-ը ավանդաբար ներկայացնում է ընկերության նորույթները։

Կորպորացիան առաջին հերթին ներկայացրել է iOS օպերացիոն համակարգի նոր տարբերակը՝ iOS 11: Օպերացիոն համակարգը ունի մի շարք նորամուծություններ։ iOS 11-ը հնարավորություն է տալիս iCloud-ի միջոցով համակցել Messages-ի բովանդակությունը։ iOS 11-ը նաև հնարավորություն է տալիս Apple Pay համակարգով մեկ օգտատերից մյուսին դրամական փոխանցումներ իրականացնել։ Դրամական փոխանցումներն իրականացվում են iMessage-ի միջոցով, իսկ անվտանգությունն ապահովում է Touch ID-ն։

Siri ձայնային օգնականը նույնպես նորամուծություններ կունենա, իսկ Photos-ում կավելանա Instagram-ի Boomberg կցորդ հավելվածի նման գործառույթներով մոդուլ։ Նորամուծություններ կան նաև քարտեզներում, իսկ «Չանհանգստացնել» մոդուլը հնարավորություն կտա վարորդներին չշեղվել մեքենան վարելու ընթացքում։

iOS 11-ի նախնական տարբերակն արդեն իսկ հասանելի է iOS ծրագրավորողների համար։ Օպերացիոն համակարգը պաշտոնապես կթողարկվի այս տարի աշնանը՝ iPhone-ի նոր մեդելների հետ միասին։

Հաջորդ նորամուծությունը վերաբերում է App Store հավելվածների հարթակին, որի թարմացված տարբերակը հասանելի կլինի iOS 11-ի հետ միասին։ Apple-ում նշում են, որ ցանկացել են App Store-ն ավելի պարզ ու հասկանալի դարձնել։

Apple-ի հերթական նորույթը macOS High Sierra օպերացիոն համակարգն է։ Համակարգի նորամուծությունները հիմնականում ներքին բնույթ են կրում։ macOS-ը զինված է նոր ֆայլային համակարգով՝ Apple File System: Մասնագետները պնդում են, որ նոր համակարգն Apple-ի համակարգիչներն ավելի պաշտպանված և հուսալի կդարձնի։ macOS-ի HEVC (H.265) նոր տեսաստանդատը թույլ է տալիս 4K տեսանյութեր դիտել հեռարձակման ռեժիմում։ H.265 ֆայլերը 40% ավելի քիչ տեղ են զբաղեցնում քան H.264 ֆայլերը։ Նորամուծություններ կան նաև Safari ինտերնետ զննիչը։

Apple Watch խելացի ժամացույցները նույնպես նոր օպերացիոն համակարգ կունենան՝ ներկայացվել է watchOS 4-ը։ Նոր օպերացիոն համակարգը հասանելի կլինի այս տարվա աշնանից՝ Apple Watch-երի հերթական սերնդի հետ միասին։ Խելացի ժամացույցներում հասանելի կդառնա Activity նոր հավելվածը, որը հնարավորություն կտա մրցակցել այլ օգտատերերի հետ։ Apple Watch-ը հնարավորություն կստանա նաև աշխատելու մարզումների սարքերի հետ՝ դրանց փոխանցելով օգտատիրոջ զարկերակի բաբախման հաճախականությունը և այլ տվյալներ։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

Share