Բաժին. Բիզնես

Զվարթնոց օդանավակայանում խախտումներով տաքսի ծառայություն մատուցող անձանց նկատմամբ սահմանվեցին տուգանքներ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը սկսել է իրականացնել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականը՝ կապված «Զվարթնոց» օդանավակայանից տաքսի ծառայություններ մատուցողների հետ պրոֆիլակտիկ աշխատանքներ կատարելու հետ։ Օդանավակայանի հարևանությամբ գործող և խախտումներ թույլ տված մի շարք անհատ տաքսիստների, ինչպես նաև տաքսի ծառայությունների նկատմամբ կազմվեցին արձանագրություններ, ինչի հիման վրա սահմանվեցին տուգանքներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ՀՀ տրանսպորտային տեսչության աշխատակիցները օդանավակայանի տարածքում իրենց ծառայությունը մատուցող տաքսիստներին կանգնեցնում և համապատասխան փաստաթղթեր էին պահանջում։

Սկզբում հարցված 7 տաքսիստներից միայն մեկն ուներ տաքսի ծառայություն մատուցելու լիցենզիա, վարորդական իրավունք, մեքենան համապատասխան ձևով կահավորված էր (կար տաքսու և շախմատաձև տարբերանշաններ) և մեքենան անցել էր տեխնիկական զննում։ Մեկ վարորդ էլ չուներ ընդհանրապես ոչ մի փաստաթուղթ՝ մեքենայի տեխզննում, տաքսի վարելու արտոնագիր,  վարորդական իրավունքն էլ ընդհանրապես չներկայացրեց։

Վարորդներից մի քանիսը ՀՀ տրանսպորտային տեսչության աշխատակիցների հարցին, թե որտեղ է իրենց լիցենզիան, պատասխանում էին, որ առաջին անգամ են որպես տաքսու վարորդ աշխատում և օդանավակայան գալիս։

«Սա գրասենյակային տաքսի է, ինչպե՞ս կարող եմ լիցենզիա չունենալ։ Ես առաջին օրն եմ այս տաքսի ծառայությունում ու չգիտեմ, թե որտեղ է արտոնագիրը, բայց հաստատ կգտնենք, դժվար բան չկա»,- ասաց «Հրազդան էքսպո» ՓԲԸ տաքսի ծառայության վարորդը։

Նա երկար փնտրելուց, անգամ իրենց տաքսի սերվիս զանգելուց հետո այդպես էլ չգտավ իր մեքենայի լիցենզիան։ Տեսչության աշխատակիցները պարզեցին, որ մեքենայի լիցենզիան կասեցված է պարտքերի պատճառով, և տվյալ փոխադրամիջոցն, օրենքի համաձայն, չի կարելի շահագործել՝ մինչև չմուծվեն պարտքերը։ Նրա գործատու կազմակերպության նկատմամբ արձանագրություն կազմվեց և տուգանք նշանակվեց, որի համաձայն, եթե պարզվի, որ վարորդն առաջին անգամ է տուգանվում, ապա կվճարեն 50.000 ՀՀ դրամ, իսկ եթե արդեն երկրորդ անգամ լինի, ապա՝ 100.000 ՀՀ դրամ։

Մեկ այլ վարորդ էլ նշեց, որ վարորդական իրավունք ունի, առաջին անգամ է ուղևոր բերում օդանավակայան և եկել է Արմավիրի մարզից։

«Ինձ լիցենզիայի հարցերը մի տվեք, ամբողջը մեր սերվիսի խնդիրն է, իսկ ես ընդամենը վարորդ եմ։ Մեր տաքսի ծառայությունն ունի այդ լիցենզիաները, բայց հիմա իմ մոտ չի, կարող է սերվիսում է, ինձ ոչինչ չեն տվել, մի քանի օր եմ այստեղ աշխատում։ Ես նախկինում էլ եմ եղել վարորդ, բայց հիմա, երբ նոր օրենքներ են սահմանում, ինչո՞ւ են միայն տաքսիստներին ասում, թող մեզ համար էլ համապատասխան աշխատատեղեր ստեղծեն»,- ընդգծեց տաքսու վարորդը։

«Զվարթնոց» օդանավակայանում քաղաքացիներն ու երկիր այցելող զբոսաշրջիկները առաջինը հանդիպում են տաքսիների անհատ վարորդներին. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով այս դաշտում վերահսկողությունը կխստացվի, հատուկ ուշադրություն կդարձվի նրանց լիցենզիաների տրամադրման գործընթացին։

Կարեն Կարապետյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում իրականացնել «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայություններ մատուցողների հետ պրոֆիլակտիկ աշխատանքներ՝ լիցենզավորման ոլորտում օրինախախտումների, գործունեության դադարեցման ուղղությամբ, քննարկել Երևան-Զվարթնոց գործող երթուղիների արդիականացման հնարավորությունը։

Share