Categories: Բիզնես

Mercedes-Benz-ի ներկայացուցիչներն հանդիպել են նախարար Վահան Մարտիրոսյանի հետ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունիսի 8-ին ընդունել է «Մերսեդես Բենց» (Daimler AG) ընկերության ներկայացուցիչներին՝ կոմերցիոն մեքենաների վաճառքի և մարքեթինգի գծով ղեկավար Ութց Ռախների գլխավորությամբ։

Նախարարը մինչ այս արդեն հանդիպել էր Հայաստանում «Մերսեդես Բենց» ընկերության գլխավոր ներկայացուցիչ, «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ի տնօրեն Գևորգ Գևորգյանի հետ, քննարկել նոր տրանսպորտային համակարգ մշակելու ծրագիրը։

Հերթական հանդիպումը նպատակ ուներ ընկերության պատասխանատուների հետ քննարկելու ծրագրի մանրամասները։

Ներկայացնելով միասնական տրանսպորտային համակարգի ծրագիրը՝ նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ մեր երկրում տրանսպորտային համակարգը բարելավելու, տրանսպորտային ցանցն արդյունավետ կառավարելու նպատակով որոշակի քայլեր են կատարվել: Նա հույս հայտնեց, որ համաշխարհային մեծ համբավ և փորձ ունեցող ընկերության հետ այս ուղղությամբ համատեղ գործունեությունը կարող է արդյունավետ լինել։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երթուղիների սպասարկման, ուղևորահոսքերի կառավարման, տրանսպորտային միջոցների հարմարավետության, օպերատորների ընտրությանն առնվող մի շարք հարցեր։

Համաձայնություն ձեռք բերվեց ծրագրի նպատակների և համագործակցության ուղղությունների վերաբերյալ որոշակի ուսումնասիրությունից հետո կրկին հանդիպել՝ ներկայացնելով որոշակի առաջարկություններ։

——————–

Հիշեցնենք, որ Daimler AG-ն գերմանական ավտոմեքենաշինական կոնցեռն է: Կոնցեռնը հիմնադրվել է 1886թ.-ին՝ Գոտլիբ Դայմլերի և Կարլ Բենցի կողմից: Daimler AG-ի կողմից են արտադրվում համաշխարհային հռչակ վայելող Mercedes-Benz ավտոմեքենաները, որոնք իրենց հարմարավետության և որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում երկրագնդի բոլոր անկյուններում: Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը:

Share