Բաժին. Բիզնես

Mercedes-Benz. ներկայացվել է GLE Coupe OrangeArt Edition հատուկ շարքը

Գերմանական Daimler AG ավտոկոնցեռնը ներկայացրել է Mercedes-Benz-ի GLE Coupe մոդելի OrangeArt Edition հատուկ շարքը։ Մոդելի նոր շարքը միավորում են մեքենաների արտաքին տեսքում և ներքին հարդարման մեջ առկա նարնջագույն դետալները։

Նարնջագույն դետալներն իրականացված են դասական ոճում։ Մոդելներն առաջարկվում են սպիտակ, մոխրագույն և սև գույների տարբեր երանգներով։

Արտադրության կհանվի մոդելի 4 տարբերակ՝ GLE 350 d 4MATIC Coupé, GLE 400 4MATIC Coupé, GLE 500 4MATIC Coupé, նաև AMG  մոդիֆիկացիա՝ GLE 43 4MATIC Coupé։ OrangeArt Edition-ի մոդելներն առաջարկվում են 258-ից 455 ձիաուժ հզորությամբ 4 տարբեր շարժիչով։ Վառելիքի ծախսը 100 կմ-ի համար տատանվում է 7.2-ից 10.7 լիտրի սահմաններում։

Մոդելի բոլոր տարբերակները 4Matic են, դրա հետ մեկտեղ արտաճանապարհային վարման հատուկ ռեժիմի առկայությունը GLE Coupe OrangeArt Edition-ը դուրս են բերում քաղաքային SUV-երի շարքից և դարձնում բավական լուրջ արտաճանապարհային մոդել։

Մեքենաներն ունեն ընթացքի մի քանի ռեժիմ։ Ներդրված է նաև ընթացքի անհատական հիշողության համակարգ, որը պահպանում է վարորդի վարման առանձնահատկությունները։ Խոսքը գնում է փոխանցումատուփի աշխատանքի փոփոխության, արգելակման և արագացման ոտնակների, նաև ղեկի կարգավորումների մասին։ Մեքենաները վաճառքի կհանվեն 2017թ. օգոստոս ամսից։

Հիշեցնենք, որ Daimler AG-ն գերմանական ավտոմեքենաշինական կոնցեռն է: Կոնցեռնը հիմնադրվել է 1886թ.-ին՝ Գոտլիբ Դայմլերի և Կարլ Բենցի կողմից: Daimler AG-ի կողմից են արտադրվում համաշխարհային հռչակ վայելող Mercedes-Benz ավտոմեքենաները, որոնք իրենց հարմարավետության և որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում երկրագնդի բոլոր անկյուններում: Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը, հասցե՝ ք. Երևան, Գայի պող., 14/3 շինություն, հեռ՝ +374 60 68 00 00, +374 10 66 80 00։

Share