Բաժին. Բիզնես

ՏՄՊՊՀ. արգելվել է anelikbank.am դոմենի օգտագործումը

«Անելիք բանկը»-ը դիմում-բողոք  է ներկայացրել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով` ընդդեմ «Նոյ-Ֆիրմա» արտադրական կոոպերատիվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` խնդիրն այն է, որ  «Անելիք բանկը» մտավոր սեփականության գործակալությունում գրանցել է նույն անվանումով ապրանքային նշանը և հանդիսանում է դրա իրավատերը, իսկ 1999 թվականին գրանցել է նաև www.anelik.am դոմենը, որը հանդիսանում է բանկի կայք-էջը: Սակայն, հետագայում պարզվել է, որ մեկ այլ ընկերություն՝ «Նոյ-Ֆիրմա»  ԱԿ-ն, գրանցել է www.anelikbank.am անվանումով դոմենը:

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի խոսքով` www.anelikbank.am անվանումով կայքը որեւէ կապ չունի մեզ բոլորիս կողմից հայտնի բանկի հետ: «Սա եզակի դեպք չէ, երբ հասարակության մեջ դերակատարում ունի ինտերնետը: Կարծում ենք, որ նման դեպքերը կարող են ավելի շատ լինել, քանի որ ներկայում շատ քաղաքացիներ են ինտերնետի միջոցով ծառայություններ մատուցում», – ասաց նա:

Քննելով վերոնշյալ գործի հանգամանքները, ՀՀ մրցակցային մարմինը փաստում է, որ «www.anelikbank.am» դոմենի օգտագործումը շփոթության աստիճանի նման է համանուն բանկի  ապրանքային նշանին: Ըստ ՏՄՊՊՀ-ի, «Նոյ-Ֆիրմա»  արտադրական կոոպերատիվի նման վարքագիծը կարող է մոլորեցնել կամ շփոթեցնել սպառողներին, քանի որ վերջիններս կարող են մտածել, որ  «www.anelikbank.am» դոմենը  համանուն բանկի կայք-էջն է: Տվյալ պարագայում, փաստորեն, Նոյ-Ֆիրմա» ԱԿ-ը, դրսևորել է  անբարեխիղճ մրցակցության վարքագիծ՝ օգտագործելով ուրիշին պատկանող գրանցված ապրանքային նշանը: Ընկերության հանդեպ կիրառվել է պատասխանատվության միջոց՝ նախազգուշացում  և հանձնարարվել է դադարեցնել կայքի գործունեությունը:

Արտակ Շաբոյանը տնտեսավարողներին եւ սպառողներին հորդորեց նման դեպքերի հանդիպելիս դիմել հանձնաժողովին

Share