Բաժին. Բիզնես

ՀՀ կառավարություն. աջակցություն ներդրումային ծրագրերին՝ կստեղծվի 152 աշխատատեղ

Կառավարությունը որոշել է թույլատրել «Արիդես» ՍՊԸ-ին «Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալել: Ընկերությունը ՀՀ կառավարության 2016 թ. համապատասխան որոշմամբ «Ալյանս» ազատ տնտեսական գոտում արդեն իրականացնում է ալկոթեստերային սարքերի արտադրության գործունեություն։ Ներկայումս ընկերությունը ցանկանում է ընդլայնել իր գործունեությունը։ Նոր գործարար ծրագրով նախատեսվում է արտադրել նորարարական տեխնոլոգիաներով բժշկական սարքեր և սանիտարական հարմարանքներ: Ծրագրի շրջանակում ներդրումները կկազմեն շուրջ 4,3 մլն ԱՄՆ դոլար: Առաջին տարում կստեղծվի 12 նոր աշխատատեղ` 150 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ հետագայում, արտադրանքի ծավալների աճի արդյունքում, ևս 40 նոր աշխատատեղ:

Մեկ այլ որոշմամբ գործադիրը «Քեյր գրուպ» ՍՊԸ-ին տրամադրել է ներդրումային ծրագրի շրջանակում ապրանքների ներմուծման դեպքում հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություն: Ընկերությունը նախատեսում է զբաղվել բամբակի, բամբակյա պարագաների և խոնավ անձեռոցիկների արտադրությամբ, ինչի համար նպատակադրված է կատարել շուրջ 720 մլն ՀՀ դրամի ներդրում՝ սարքավորումներ ձեռք բերելու նպատակով։ Ընկերությունն առաջին փուլով նախատեսում է ներմուծել սարքավորումներ՝ շուրջ 170 մլն ՀՀ դրամի չափով։ Արդյունքում կստեղծվի մոտ 90 աշխատատեղ ՝ 2018 թ.-ին 120 հազար, 2019 թ.-ին՝ 140 հազար և 2020 թ.-ին՝ 160 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Բավարարվել են նաև Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի ներկայացրած հայտերը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման և ապրանքների ներմուծման դեպքում հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններից օգտվելու համար: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է առողջապահության ոլորտում: Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի նպատակն է վերազինել արդեն իսկ գործող բժշկական կենտրոնը ամբողջովին նոր սարքավորումներով: Ծրագրի շրջանակում ընկերությունը նախատեսում է կատարել մոտ 4 մլրդ ՀՀ դրամ ներդրում. կստեղծվի մոտ 22 աշխատատեղ։

Share