Բաժին. Բիզնես

Կիբերանվտանգության ֆորում՝ ԱրմԹեք՛17 գլոբալ համաժողովի շրջանակում

2017թ. սեպտեմբերի 27-ին Երևանում, Արմենիա Մարիոթ հյուրանոցում կկայանա ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո անցկացվող Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի 10-րդ՝ ԱրմԹեք՛17 գործարար համաժողովը:

Համաժողովը նպատակ ունի աջակցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը՝ խթանելով միջազգային գործարար կապերի ամրապնդումը և ներդրումների աճը: Այն կարևորվում է որպես Հայաստանի տեխնոլոգիական և տնտեսական ձեռքբերումների առաջխաղացմանն ուղղված ռազմավարության ու նախաձեռնությունների քննարկման, ծրագրման և արդյունավետ իրագործման կարևորագույն հարթակ: Համաժողովը նաև բացառիկ հնարավորություն է ներկայացնելու հայաստանյան բարձր տեխնոլոգիաների ոլորտը միջազգային տեխնոլոգիական համայնքին, և համաշխարհային մակարդակով բարձրացնելու Հայաստանի` որպես աշխարհում առավել արագ զարգացող բարձր տեխնոլոգիաների ոլորտ ունեցող երկրի վարկանիշը:

Այս տարի ԱրմԹեք համաժողովը նվիրված կլինի կիբերանվտանգության ոլորտին:

Համաժողովի քննարկման գլխավոր թեմաներն են՝

– Կիբերանվտանգության զարգացման մարտահրավերները և ռազմավարական ուղղությունը,

– Կիբեր սպառնալիքներ և պաշտպանվելու հնարավորություններ՝ մասնավոր և հանրային հատվածում,

– Կիբերանվտանգության ապագան. իրերի ինտերնետ, արհեստական բանականություն, ավտոմատացում և այլն:

Նախատեսվում է, որ ԱրմԹեք’17-ը կներգրավի ավելի քան 200 մասնակից, ներառյալ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների ղեկավարներ, հեղինակավոր համալսարանների ու գիտական կենտրոնների ներկայացուցիչներ, ոլորտը ներկայացնող միջազգային կազմակերպությունների տնօրեններ, և պետական պաշտոնյաներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Եվրոպայի տարբեր երկրներից, Ռուսաստանից և այլն: Հեղինակավոր բանախոսների մասնակցությունը նոր որակ կհաղորդի համաժողովին, ինչպես նաև կբարձրացնի հետաքրքրությունը արագ զարգացող հայկական ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտների հանդեպ:

Համաժողովի կազմակերպիչներն են՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի: Հիմնական գործընկերները՝ Մայքրոսոֆ, ԱյԲիԷմ, Սինոփսիս, Յունիքոմփ, ՍոլոԼըրն, Ամերիկայի Հայ օգնության ֆոնդ, ԱՄՆ ՄԶԳ:

Համաժողովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունն ու օրակարգը առկա են cyber.eif.am  կայքէջում։

Share