Բաժին. Բիզնես

Հայաստանի տարածքում տվյալների պահոց կստեղծվի

Գործադիրը հաստատել է ՀՀ տարածքում տվյալների պահոցի ստեղծման ծրագիրը, միջոցառումների ժամանակացույցը և պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափը: Տվյալների պահոցը սահմանելու է խաղի ընդհանուր կանոններ, ձևավորելու է թվային համակարգերի և ծառայությունների տրամադրման միասնական չափանիշներ ու ստադարտներ, արդյունավետ կերպով ներդնելու է տեղեկատվական համակարգերի անվտանգության և պաշտպանության նորագույն միջոցներ: Հիմնավորման համաձայն՝ վերջին տարիներին հանրապետությունում էլեկտրոնային կառավարման գործընթացում զգալի առաջընթաց է գրանցվել։ Մասնավորապես, տեղեկատվական համակարգեր են ներդրվել մի շարք պետական կառավարման մարմիններում՝ հնարավորություն ընձեռելով քաղաքացիներին և իրավաբանական անձանց իրենց գործառույթները պետության հետ իրականացնել էլեկտրոնային եղանակով: Այն նպաստում է պետական ծառայությունների որակի բարձրացմանը, ծախսերի և կոռուպցիոն ռիսկերի նվազմանը: Ներկայումս այս բարեփոխումների հաջորդ փուլը նախագծելու և իրականացնելու աշխատանքներ են իրականացվում։ Մասնավորապես, կառավարությունը հանձնարարել է պետական կառավարման մարմիններին ներկայացնել իրենց բնագավառներում թվայնացման ուղղությունները, որոնք հիմք կհանդիսանան հետագա թվայնացման միասնական ուղղությունների մշակման համար։ Ի պատասխան վարչապետի հարցի՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մանրամասներ է հայտնել կենտրոնի ստեղծման ժամանակացույցի վերաբերյալ. «Մենք հիմա քննարկում ենք հարցը մի քանի մասնավոր ընկերությունների հետ: Նախնական հաշվարկներով՝ արժեքը սկսվում է 10 մլն դոլարից: Պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում պետությունն ապահովում է ենթակառուցվածքներով և շենքով, մնացած ներդրումներն անելու է մասնավորը: Մենք նախատեսում ենք մինչև օգոստոս մրցույթն ավարտել»:

Share