Բաժին. Բիզնես

Երևանում բացվել է «Cilicia» բիզնես-ակումբի հայաստանյան մասնաճյուղը

Երևանում բացվող «Cilicia» բիզնես-ակումբի հայաստանյան մասնաճյուղն ակումբի անդամներին հնարավորություն կտա կապ հաստատել տարբեր երկրներում բիզնեսով զբաղվող ձեռներեցների հետ, ստեղծել համագործակցության հարթակ: Այս մասին նոյեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին ակումբի հիմնադիր Նվեր Սարգսյանը և ակումբի անդամները:

«Սա հարթակ է, որտեղ գործարարները, բարձր որակավորում ունեցող մասնագետները կարող են նոր ծանոթություններ ձեռք բերել ձեռներեցների, մատակարարների հետ, կիսվել գաղափարներով: Մեր առաքելությունն է աջակցել ակումբի անդամներին զարգացնել իրենց բիզնեսը և պահպանել շահերը բիզնես ոլորտում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց  Նվեր Սարգսյանը:

Նա շեշտեց` տեսնելով, որ Մոսկվայում ակումբը հաջողություններ ունի, որոշել են այդ փորձը բերել Հայաստան: «Մենք ունենք ակումբի մասնակիցներ և հոգաբարձուներ: Մոսկվայում հոգաբարձուների խումբը բաղկացած է 16 անձից, իսկ մասնակիցները 250 են: Ակումբն ունի անդամներ նաև Ղազախստանից, Ուկրաինայից, Անգլիայից: Եթե ամեն բան հաջող լինի, հաջորդ տարի մասնաճյուղեր կստեղծենք Թեհրանում և Լոնդոնում:

Ակումբի հոգաբարձուների խորհրդի անդամ, Մոսկվայում գործող «Սիթի» սուպերմարկետների ցանցի համասեփականատեր Արթուր Մարգարյանն ասաց, որ Հայաստանում ակումբը մեծ ապագա ունի, քանի որ եթե կապ է ստեղծվում տարբեր ձեռներեցների միջև, դա կարող է արդյունավետ լինել նաև համագործակցության համար. միմյանց հետ կապի մեջ լինելով` նրանք կարող են խաղի կանոնները հասկանալ աշխարհի տարբեր երկրներում:

Հայաստանում «Կարաս» ազգային սննդի  ցանցի հիմնադիր համասեփականատեր Տիգրան Յուզբաշյանի համոզմամբ` ակումբը մեր երկրում հաջողություն կունենա: «Յուրաքանչյուր ձեռներեցի համար ամենակարևորն առաջին հերթին ինֆորմացիան է, կապերը և ժամանակը: Դրանք հնարավոր է ստանալ այս ակումբի կազմակերպած միջոցառումներին մասնակցելով: Հուսամ` Հայաստանում ակումբը կգործի և անգամ կընդլայնվի»,-ասաց նա:

 «Cilicia» բիզնես-ակումբի մասնաճյուղի բացման առիթով մի շարք նշանակալի միջոցառումներ կանցկացվեն նոյեմբերի 25-ին և 26-ին:  Լրագրողների հետ հանդիպումից հետո ստորագրվեց համաձայնագիր «Cilicia» բիզնես-ակումբի և DFA-ի /Development Foundation of Armenia/ միջև:

«Մենք ստեղծում ենք վստահության մթնոլորտ «Cilicia» բիզնես-ակումբում, որտեղ անդադար կարելի է բարձրացնել բիզնես տեղեկացվածության մակարդակը, ձեռք բերել նոր ծանոթություններ ու գործընկերներ, գտնել նոր գնորդներ  ու մատակարարներ,  քննարկել նոր գաղափարներ, ներգրավել ներդրողներին ու ներդրումներ կատարել», – ասում է մասնաճյուղի տնօրեն Արթուր Սարգսյանը:

«Cilicia» բիզնես-ակումբը ստեղծվել է 2014 թվականի նոյեմբերին Մոսկվայում: Նախաձեռնության հեղինակն ու հիմնադիրը Նվեր Սարգսյանն է: «Cilicia»-ն բիզնեսի, խոշոր ընկերությունների ներկայացուցիչների և տարբեր մասնագետների բազմակողմանի համագործակցության հարթակ է: Այսօր ակումբը մեկտեղում է 180 գործարարի աշխարհի տարբեր երկրներից, որոնք զբաղվում են տնտեսության տարբեր ճյուղերով՝ ներառյալ էներգետիկ, IT, բանկային, ապահովագրության ոլորտները, ինչպես նաև ներկայացնում են  խորհրդատվության, արտադրության, առևտրային ցանցերի, դիստրիբյուտորական,  fashion, HoReCa և այլ բնագավառներ, որոնց տարեկան շրջանառությունը կազմում է ավելի քան 700 մլն ԱՄՆ դոլար: 

Share