Բաժին. Բիզնես

Forbes. Սամվել Կարապետյանը, Ռուբեն Վարդանյանը և Գագիկ Ադիբեկյանը Ռուսաստանի անշարժ գույքի արքաների 2018թ. ցուցակում են

Forbes-ի ռուսական հրատարակությունը հերթական անգամ հրապարակել է Ռուսաստանի անշարժ գույքի շուկայի առաջատարների ցուցակը։

Ցուցակի առաջին հորիզոնականում է Զախար Իլիևին և Գոդ Նիսանովին պատկանող Киевская площадь ընկերությունը, որը 2017թ. ընթացքում անշարժ գույքի վարձակալությունից ստացել է 1,535 մլրդ դոլար եկամուտ: Երկրորդ տեղում է IKEA կորպորացիային պատկանող ИКЕА Мос ընկերությունը, որը 2017թ.-ի ընթացքում անշարժ գույքի վարձակալությունից ստացել է 840 մլն դոլար եկամուտ։

Եռյակը եզրափակում է Սամվել Կարապետյանին պատկանող Տաշիր ընկերությունների խումբը։ Անշարժ գույքի վարձակալությունից ընկերությունը ստացել է 650 մլն դոլար եկամուտ։ Տաշիրը վարձակալության տրված ունի 818,300 քմ առևտրային, 72,400 քմ գրասենյակային, 48,000 քմ պահեստային տարածք և 1,157 հյուրանոցային համար, որոնց թվում են РИО առևտրի կենտրոնը՝ 220,000 քմ և Novatel Moscow City հյուրանոցը՝ 360 համար։ Տաշիրի կողմից տարեկան իրականացվում է 500,000 քմ մակերեսով շինարարական աշխատանք։ 2017թ.-ին Տաշիրը գործարկել է Take Away ունիվերսալ խանութների ցանցը, Goood’s House տան համար նախատեսված ապրանքների խանութները և One Way կոշիկի բրենդը։ Երևանում և Մոսկվայում բացվել է 6 խանութ։

Անշարժ գույքի առաջատարների ցուցակում նաև տեղ է զբաղեցրել Գագիկ Ադիբեկյանին և Ռուբեն Վարդանյանին պատկանող RD Group ընկերությունը՝ 28-րդ հորիզոնական։ 2017թ.-ին ընկերությունն անշարժ գույքի վարձակալությունից ստացել է 65 մլն դոլար եկամուտ։ RD Group-ը վարձակալության է տալիս 86,223 քմ առևտրային և 42,500 քմ գրասենյակային տարածք։ RD Group-ի և Ռուբեն Վարդանյանին պատկանող անշարժ գույքի ընդհանուր արժեքը գերազանցում է 1 մլրդ դոլարը։

Share