Բաժին. Բիզնես

ՀՀ հեռահաղորդակցության ոլորտի 2017թ.-ի խոշոր հարկատուները

Պետական Եկամուտների Կոմիտեն հրապարակել է 2017թ. 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Բնական է, որ խոշոր հարկ վճարողների ցուցակում տեղ են զբաղեցրել նաև ՀՀ առաջատար հեռախաղորդակցական ընկերությունները։ 2016թ.-ին ՀՀ խոշոր հարկատուների առաջատար տասնյակում ներկայացված էին երկու հեռահաղորդակցական ընկերություն, սակայն 2017թ.-ին արձանագրվել է նահանջ մինչ երկրորդ-երրորդ տասնյակ։

2017թ.-ին ՀՀ առաջատար հեռահաղորդակցական ընկերությունների կողմից (ՄՏՍ Հայաստան, ՎԵՈՆ Արմենիա, Յուքոմ, ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ) մուծվել է 24.74 մլրդ դրամ հարկ, 2016թ.-ի համեմատ մուծված հարկերի ծավալը նվազել է 5.59 մլրդ դոլարով կամ 18.43%-ով։

ՄՏՍ Հայաստանը (նախկինում՝ Ղ-Տելեկոմ, ապրանքային նշան՝ Վիվասել-ՄՏՍ) 2017թ.-ին մուծել է 9.12 մլրդ դրամ հարկ, 2016թ.-ի համեմատ արձանագրվել է անկում 3.69 մլրդ դրամով կամ 28.83%-ով։ ՄՏՍ Հայաստան ընդհանուր ցուցակի 19-րդ հորիզոնականում է, 2016թ.-ին ընկերությունը 8-րդն էր։

ՎԵՈՆ Արմենիան (նախկինում՝ Արմենտել, ապրանքային նշան՝ Beeline) 2017թ.-ին մուծել է 8.75 մլրդ դրամ հարկ, 2016թ.-ի համեմատ ցուցանիշը նվազել է 3.68 մլրդ դրամով կամ 29.64%-ով։ ՎԵՈՆ Արմենիան ընդհանուր ցուցակի 20-րդ հորիզոնականում է, 2016թ.-ին ընկերությունը 9-րդ էր։

Յուքոմը 2017թ.-ին մուծել է 5.99 մլրդ դրամ հարկ, 2016թ.-ի համեմատ մուծված հարկերի ծավալն աճել է 1.53 մլրդ դրամով կամ 34.46%-ով։ Յուքոմը ընդհանուր ցուցակի 25-րդ հորիզոնականում է, 2016թ.-ին Յուքոմը 23-րդն էր։

ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ-ն (ապրանքային նշան՝ Ռոստելեկոմ) 2017թ.-ին մուծել է 0.88 մլրդ դրամ հարկ։ 2016թ.-ի համեմատ մուծված հարկերի ծավալն աճել է 0.25 մլրդ դրամով կամ 40.49%-ով։ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ-ն ընդհանուր ցուցակի 163-րդ հորիզոնականում է, 2016թ.-ին ընկերությունը 206-րդն էր։

Share