Բաժին. Բիզնես

Ռոստելեկոմ. մեկնարկում է «հեռախոսային սպասարկում» ծառայությունը

Մարտի 26-ից «Ռոստելեկոմ»-ը Հայաստանում գործարկել է «Հեռախոսային սպասարկում» ծառայությունն ինչպես նոր, այնպես էլ գործող ֆիզիկական անձ հանդիսացող բոլոր բաժանորդների համար։

Ընթացակարգը շատ պարզ է՝ ընկերության յուրաքանչյուր բաժանորդ զանգահարում է 060 46 00 00 հեռախոսահամարին (նախապես պայմանագիրը կնքելիս տրամադրած հեռախոսահամարից), անցնում է նույնականացման փուլն ու հնարավորություն ստանում մեկ զանգի միջոցով իրականացնելու մի շարք գործարքներ ՝

–    պայմանագրի վերակնքում,

–    սակագնային փաթեթի փոփոխություն,

–    հասցեի փոփոխություն,

–    ծառայության ավելացում/դադարեցում,

–    ներբնակարանային տեխնիկական սպասարկման ծառայության պատվերի գրանցում,

–    ծառայության ժամանակավոր կասեցում/ կասեցման դադարեցում,

–    այլ ծառայություններ:

«Գործարկել ենք մի ծառայություն, որը նորույթ է մեր շուկայում և լայնորեն կիրառվում է շատ զարգացած երկրներում: Ընդամենը մեկ հեռախոսազանգի միջոցով մեր բաժանորդը այսուհետ կարողանում է մի շարք գործարքներ իրականացնել պարզ ընթացակարգով՝ առանց այցելելու վաճառքի և սպասարկման սրահներ։ Սա բաժանորդների սպասարկման նոր մշակույթ է և արդեն իսկ գործարք իրականացրած բաժանորդների գոհունակությունը վկայում է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք», – նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Հեռախոսային սպասարկում» ծառայությունը նախատեսված է ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում։ Բաժանորդները, զանգահարելով 060 46 00 00 հեռախոսահամարին և անցնելով նույնականացման փուլը, ավտոմատ կերպով միանում են համապատասխան մասնագետին և իրականացնում գործարքը։

Հեռախոսային սպասարկման ծառայությունը հասանելի է յուրաքանչյուր օր՝ ժամը 08։00-ից մինչև 24։00՝ բաժանորդներին հասանելի լինելով նրանց հարմար բոլոր ժամերին։

———–

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս: «Ռոստելեկոմ»-ի ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմ»-ի ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ, ինչպես նաև  վաճառակետեր:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

Share