Բաժին. Բիզնես

Հայաստանը պետք է դարձնել ռոբոտների առաջնության կենտրոն․ 11-րդ անգամ կանցկացվի ռոբոտաշինության մրցույթ

«ԱրմՌոբոտիքս»-ը 11-րդ անգամ կազմակերպում է ռոբոտների հայաստանյան առաջնությունը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը մրցույթի կազմակերպիչ, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, որ Հայաստանում ռոբոտաշինությանը տիրապետող շատ երեխաներ կան և հույս հայտնեց, որ կունենան հետաքրքիր մրցույթ։ Բացի այդ, նա ասաց, որ Հայաստանը քայլ առ քայլ պետք է դարձնել ռոբոտների առաջնության կենտրոն և ինչու չէ, նաև կապող օղակ։

Մրցույթի հովանավորներն են Ucom ընկերությունը և Վորլդ Վիժն Հայաստանը։ Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն ասաց, որ ընկերության կոորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության մեջ առաջնային դիրք ունեն հատկապես այն նախագծերը, որոնք կապված են ինժեներական մտածողության, ծրագրավորման և ռոբոտաշինության հետ․ «Մենք մշտապես ասել ենք, որ կարևորում ենք ինժեներական կրթությունը և դրա ձևավորումը։ Ինչո՞ւ մրցույթը հովանավորել, որովհետև սա մի մոտիվացիոն հարթակ է, որտեղ երեխաները տեսնում են, թե ինչպե՞ս կարող են իրենց դրսևորել»։ Նա նշեց նաև, որ աշխարհում 3 մլն լավ ինժեներ մասնագետի կարիք կա և այն, ինչ արվում է այսօր, ապագայի քայլեր են․ «Մեր ընկերությունը մշտապես կանգնած կլինի նման մրցույթների կողքին»,-եզրափակեց Հայկ Եսայանը։

Ասուլիսին ներկա էր նաև Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը, ով իր խոսքում ընդգծեց մրցույթում համայնքների երեխաների մասնակցության կարևորությունը․ «Միայն անցած տարվա ընթացքում 800-ից ավելի երեխա հեռավոր համայնքներում ընդգրկված է եղել ռոբոտաշինության խմբակների մեջ։ Նման մրցույթների միջոցով երեխաների շրջանում բացի մասնագիտական կարողությունը, զարգացնում են թիմային աշխատանքի հմտությունները, մեծանում է զբաղվածությունը, երեխաները սոցիալիզացվում են»։

Նշենք, որ մրցույթին կարող են մասնակցել 10-18 տարեկան պատանիները՝ ներկայացնելով իրենց ռոբոտների նկարագիրն ու գաղափարները։ Հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 11-ը, եզրափակիչ փուլը կանցկացվի սեպտեմբեր ամսին։

Մասնակիցներն իրենց ստեղծած ռոբոտները կներկայացնեն ժյուրիի մասնագիտացված անդամներին, լավագույնները կարժանանան դրամական պարգևի՝ Ucom-ի և Վորլդ Վիժն Հայաստանի կողմից։

Share