Բաժին. Բիզնես

Թումանյան փողոցի «Գարունը»՝ առողջ սննդի և հարմարավետ հանգստի վայր

Թումանյան փողոցում բացված «Գարուն» սրճարանը դառնում է առողջ սննդի և հարմարավետ հանգիստ կազմակերպելու լավագույն վայրերից մեկը Երևանում։ Հենց մուտքից այն առանձնանում է իր գարնանային, նուրբ դիզայնով, իսկ ներսում բացի գունային համադրությունը, մեկտեղված է համեղը և օգտակարը։

«Բիզնես 24»-ի հետ զրույցում սրճարանի հիմնադիր բժիշկ-դիետոլոգ Լիլիթ Մարգարյանն ասաց, որ սրճարան բացելու գաղափարը վաղուց կար։ Դեռևս 2013 թվականից գործում է «Առողջ սնունդ» ծրագիրը, որի շրջանակում պատվիրատուներին է առաքվում առողջ սնունդ՝ ամբողջ օրվա համար․ «Անգամ մեր բազմաթիվ հաճախորդներն էին հարցնում, թե ինչո՞ւ մենք չունենք մի վայր, որտեղ կարող են մեզ այցելել ծրագիրը ավարտելուց հետո, լինել լավ մթնոլորտում, ուտել առողջ և համեղ սնունդ»։

Գաղափարն արդեն իրականություն է, «Գարուն» սրճարանն արդեն գործում է Թումանյան 30 հասցեում․ «Մարդկանց հոսքը շատ է, մեր հաճախորդներն են այցելում, անծանոթ մարդիկ՝ առանց տարիքային սահմանափակման»,-նշում է Լիլիթ Մարգարյանը և հավելում, որ սրճարանը ոչ թե նիհարելու, այլ՝ ճիշտ պատրաստված և առողջ սնունդ վայելելու վայր է․«Մենք ապահովում ենք նաև ուտեստի գեղագիտական կողմը՝ մեր շեֆ-խոհարարի շնորհիվ»։

Սրճարանի մենյուում նշված է, թե տվյալ ուտեստը որքան կալորիականություն ունի, որը հնարավորություն է տալիս հաճախորդին հասկանալու, թե իր կերած սնունդը ինչ է պարունակում։ Քաղցրավենիքները պատրաստված են մեղրախոտի շաքարից, հացը պատրաստվում է տեղում՝ ամբողջահատիկ ալյուրից։ Սնունդը ենթարկվում է այնպիսի ջերմային մշակման, որպեսզի չկորցնի վիտամինները և չտուժի համային որակը։

Իսկ թե ինչո՞ւ է ընտրվել «Գարուն» անունը, Լիլիթ Մարգարյանն ասաց, որ դա կապված է թարմության, մաքրության հետ․ «Գարուն, որովհետև այն սկզբի, մաքրության խորհրդանիշ է, հենց այս մթնոլորտն էլ ցանկացել ենք ստանալ այստեղ, բացի այդ ցանկանում էինք, որ անունը անպայման հայկական լիներ»։

Նշենք  նաև, որ համահունչ և գարնանային դիզայնն իրականացրել է «Արխանգել» ճարտարապետական ստուդիան։

Share