Բաժին. Բիզնես

Շվեդ տնտեսագետ և բիզնես վերլուծաբան Կյել Նորդստրյոմը ելույթ կունենա հայաստանյան լսարանի առջև

Սրընթաց փոփոխությունների ժամանակաշրջանում ձևափոխվում են կազմակերպությունները, մոտեցումներն ու մեթոդները, տարբեր սերունդների՝ կյանքի առաջնահերթություններն ու արժեքները, ինչպես նաև մարդկային հարաբերությունները: Այս ամենից անմասն չի մնում նաև բիզնես ոլորտը. արդյունքում փոխվում են կազմակերպությունների կառուցվածքային ձևերն ու կառավարման ռազմավարությունները:

Skill.am-ի նախաձեռնությամբ իրականացվող #WTSA («Համաշխարհային թոփ բանախոսները Հայաստանում») նախագծի շրջանակում՝ 2018 թվականի սեպտեմբերի 7-ին Երևանում ինսայթ սեսիայով հանդես կգա ականավոր շվեդ տնտեսագետ, գիտական աշխատությունների հեղինակ և բիզնես վերլուծաբան Կյել Նորդստրյոմը՝ Հայաստանում իր տեսակի մեջ առաջինը հանդիսացող «Business in FAANG style. ապագա առաջնորդների և կազմակերպությունների ռազմավարություն» դասախոսությամբ՝ ինսայթ սեսիայի ձևաչափով։ Կյել Նորդստրյոմը երկու անգամ գլխավորել է «The Thinkers 50» համաշխարհային վարկանիշային ցուցակը և համարվում է դարի ամենահայտնի և պարադոքսալ մտածողներից մեկը:

Միջոցառման գլխավոր գործընկերն է հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Միջոցառման մասնակիցները կծանոթանան ժամանակակից գործարար միջավայրի մասին պատմող «Funky Business» բեսթսելերի համահեղինակ Կյել Նորդստրյոմի տեսակետներին: Բանախոսը լսարանին կներկայացնի տարիների իր փորձն ու ապագայի առաջնորդների և կազմակերպությունների ռազմավարությանը վերաբերող գաղտնիքներ, մասնավորապես՝ թե ինչպես է կազմակերպական կառուցվածքն  ազդում տեխնոլոգիական խոշոր փոփոխությունների վրա՝ փոխելով արժեհամակարգեր:

«Ապագայի մրցավազքում ձախողում է նա, ով չի մասնակցում դրան»

«FAANG»-ը սահմանում է բիզնես միջավայրի նոր ստանդարտ: Հապավումն առաջացել է ժամանակակից աշխարհում բիզնես գործունեություն իրականացնող ամենաարդյունավետ ընկերություններից մի քանիսի անվանումների առաջին տառերից: Դրանք են «Facebook», «Apple», «Amazon», «Netflix» և «Google» ընկերությունները։

Ըստ Նորդստրյոմի՝ հաջողակ են այն կազմակերպությունները, որոնց ռազմավարությունը համապատասխանում է նշված ընկերությունների գործառնական համակարգերի հիմքում ընկած տրամաբանությանը:

Կյել Նորդստրյոմը բիզնես ոլորտի՝ ներկայում ամենապահանջարկված մտածողներից մեկն է։ 1999թ.-ին լույս տեսած «Funky business» համաշխարհային բեսթսելերն անդրադառնում է 21-րդ դարի նոր բիզնես միտումներին: Նորդստրյոմի հետազոտություններն ու խորհրդատվական գործունեությունը կենտրոնացած են միջազգային կորպորացիաների ռազմավարական կառավարման և գլոբալացման գործընթացների վրա:

Ինսայթ սեսիայի մասնակցության հայտերն ընդունվում են, և բոլոր հետաքրքրվածները կարող են դիմել՝ այցելելով www.skill.am կայք: Ինսայթ սեսիան անցկացվելու է անգլերենով՝ միաժամանակյա ռուսերեն թարգմանությամբ:

Share