Բաժին. Բիզնես

Ծովազարդ գյուղում կհիմնի բամբակամանվածքաբանական ֆաբրիկա

Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում առաջիկա ամիսների ընթացքում «Ուզբեկ Տեքստիլ Գրուպ» ՍՊԸ-ն կհիմնի բամբակամանվածքաբանական ֆաբրիկա և գործվածքային արտադրամաս, իսկ բամբակի վերամշակված հումքի վրա կհիմնվեն անասնապահական խոշոր տնտեսություններ և տրիկոտաժեղենի ու կարի արտադրություններ Գավառ քաղաքում:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` այս լուրը հաստատեց «Ուզբեկ Տեքստիլ Գրուպ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն, գործարար Գագիկ Խաչիկյանը Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի մոտ հրավիրված հանդիպման ժամանակ: «Արմավիրի մարզում արդեն 100 հեկտար բամբակի ցանք ունենք, որի բերքահավաքը կկատարենք սեպտեմբերին, իսկ հումքը կվերամշակենք Ծովազարդում:

Վերամշակվող հումքից ստացվող անասնակերը կօգտագործվի անասնապահական տնտեսությունների ստեղծման ու զարգացման ուղղություններում, որը կծավալենք Գավառ քաղաքում՝ բացելով նաև տրիկոտաժեղենի և կարի արտադրություններ: Մենք առաջիկա ամիսներին Ծովազարդում ու Գավառում կստեղծենք ավելի քան 1000 աշխատատեղ: Արտադրությունների կազմակերպման համար ունենք բոլոր հնարավորությունները, անգամ՝ արտադրանքի իրացման:

Արտադրությունը սկսելու և ծավալելու համար մեզ հարկավոր է պետության աջակցությունը՝ որոշակի սուբսիդիայի և ցածր տոկոսադրույքով վարկ տրամադրելու համար»,-ներկայացրեց Գագիկ Խաչիկյանը: Ողջունելով ներկայացրած ծրագիրը՝ մարզպետ Իշխան Սաղաթելյանը գործարար Գագիկ Խաչիկյանին խոստացավ բազմակողմանի աջակցություն ու համագործակցություն՝ միաժամանակ հանդես գալով նոր առաջարկությամբ. «Այսօր մեր բնակչությանը չափազանց մտահոգում է բրդի իրացման խնդիրը:

Ցանկալի կլիներ, որ բամբակի մանվածքաբանական արտադրամասի կողքին գործեր նաև բրդի արտադրամասը, որով հնարավոր կլիներ լուծել մարզի ոչխարաբուծական տնտեսությունների առաջ ծառացած խնդիրը»,-առաջարկեց մարզպետը: Գագիկ Խաչիկյանն առաջարկին տվեց դրական պատասխան՝ վստահեցնելով, որ իր ղեկավարած ձեռնարկության մոտակա ծրագրերի մեջ մտնում է բրդի մանվածքաբանական ֆաբրիկայի, ինչպես նաև այլ կարևոր արտադրությունների հիմնումը:

«Գեղարքունիքի մարզպետի հետ հանդիպումը մեկ անգամ ևս համոզեց ինձ, որ մենք իսկապես հիմա ապրում ենք նոր Հայաստանում: Ես դրսի գործարար աշխարհի հետ ունեմ ամուր կապեր, որոնք կօգտագործենք իմ հայրենքի քաղաքի շենացման ու զարգացման համար: Ոչ միայն անչափ ոգևորված եմ, այլ նաև հավատացած, որ շատ մոտ ապագայում իմ բոլոր ձեռնարկները կպսակվեն հաջողությամբ, մեր քաղաքն էլ կծաղկի ու կբարձրանա նորովի, կլինի հարուստ ու մարդաշատ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց գործարարը:

Խոսրով Խլղաթյան

Share