Բաժին. Բիզնես

Հայաստանում ձեռնարկատիրական մշակույթը խթանման կարիք ունի․ Էվա Մարիա Նեհեր

Հունիսի 29-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կայացավ ԵՄ աջակցությամբ իրականացվող Նորարարական համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի (IMG) եզրափակիչ փուլը։ Եզրափակիչ փուլ դուրս էր եկել 14 թիմ։

Այս ծրագրի ֆինանսավորումը իրականացվում է ԵՄ-ի կողմից՝ «EU4Business» նախաձեռնության շրջանակում։ 

«Բիզնես 24»-ի հետ զրույցում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության (GIZ) Հայաստանում գործող ՓՄՁ զարգացմանն աջակցող թիմի ղեկավար Էվա Մարիա Նեհերը ներկայացրեց ծրագրի առանձնահատկությունները։

-Ե՞րբ և ինչու՞ որոշվեց նախաձեռնել նման ծրագիր։

– Ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի սկզբին և կշարունակվի մինչև 2019 թվականը։ Այն նպատակ ունի խթանելու մասնավոր հատվածի զարգացումը Հայաստանում: ԵՄ-ը գործունեություն է ծավալում բազմաթիվ ոլորտներում՝ նախապատվություն տալով Հայաստանում մասնավոր հատվածի զարգացմանը։ Քանի որ հենց մասնավոր հատվածն է հանդիսանում հասարակության և տնտեսության հիմնասյունը։ Այդ իսկ պատճառով այս ոլորտը Հայաստանում ԵՄ-ի հատուկ ուշադրության կենտրոնում է։

-Ինչու՞ է ԵՄ-ն այդքան կարևորում մասնավոր հատվածի դերը Հայաստանում։

– Մասնավոր հատվածն ընդհանուր առմամբ բավականին խոցելի է Հայաստանում: Եվրոպայում տարբեր հետաքրքրություններով խմբերի հանդիպում-քննարկում էինք կազմակերպել, որի արդյունքում մեր եվրոպացի բիզնես գործընկերները մեզ հայտնեցին հայաստանյան մասնավոր բիզնեսի խոցելի տեղերի մասին։ Նրանք, մասնավորպես, նշում էին, որ այո, տեխնոլոգիական բաղկացուցիչը շատ լավ է զարգացած և խոստումնալից է Հայաստանում, մինչդեռ ձեռնարկատիրական մշակույթն ու հմտությունները բավական խոցելի են: Խոցելի են մարքեթինգի, գնային քաղաքականության, ճիշտ բիզնես մոդելի ստեղծման, միջազգային շուկաներում ներկայացվածության առումով։ Ստեղծելով շատ լավ պրոդուկտ՝ պետք է նաև մտածել այն վաճառելու մասին։ Ու այստեղ միակ խոչընդոտը գումարը չէ, որը ԵՄ-ը տրամադրում է հաղթողներին։ Այս կետը պետք հաշվի առնել ու փորձել զարգացնել այն։

– Բիզնեսի զարգացման տեսնակյունից՝ անցյալ տարվա հաղթողների շրջանում ունե՞ք նման օրինակներ։

-Այո, ԵՄ դրամաշնորհ ստացած շատ թիմեր արդեն բավական լավ արդյուքներ են գրանցել հենց բիզնեսի մասով։ Մասնավորապես, կարող ենք նշել ինժեներական կազմակերպություն «Grovf»-ին, որը լինելով Եմ տրամադրված դրամաշնորհի հաղթանակած թիմ, բոլորովին վերջերս նաև ստացել է ԵՄ-ի հետազոտական և նորարարական ծրագրի «Հորիզոն 2020» դրամաշնորհը։ Սա շատ լավ ցուցանիշ է, ու խոսում է այն մասին, որ այս թիմերը, բիզնես տեսանկյունից և միջազգային չափանիշներով, մրցունակ են։

-Իսկ ինչպե՞ս է ԵՄ-ը տեղեկանում հաղթող թիմերի հետագա արդյունքերի մասին։

-Ամեն երեք ամիսը մեկ դրամաշնորհը ստացած թիմերը ներկայացնում են թե՛ ֆինանսական, թե՛ տեխնիկական հաշվետվություններ, որտեղ պետք է նաև ներկայացված լինեն այդ ընթացքում գրանցված արդյունքերը։

Share