Բաժին. Բիզնես

Երևանի ամենահամեղ փողոցը՝ Canon-ի հետ

Թումանյան փողոցը գրավիչ է ոչ միայն իր հնությամբ, այլև՝ հանգիստը կազմակերպելու, սնվելու համար նախատեսված մի շարք վայրերով։

Փողոցի ամենահին շենքերից մեկում է գտնվում «Թումանյան խինկալին»։ Ռեստորանի հիմնադիր-տնօրեն Արմեն Բադալյանը «Բիզնես 24»-ի հետ զրույցում ասաց, որ իր ընտանիքը 1936 թվականից բնակվում է այդ շենքում և հենց այդ պատճառով էլ որոշել են ուրիշ տեղ չգնալ, հենց այդտեղ էլ հիմնել ռեստորանը․ «Հիմնեցինք այս վայրը, ստացվեց, դարձավ երևանցիների և դրսից եկած զբոսաշրջիկների սիրված վայրերից մեկը և հենց իրենք էլ կնքեցին «Թումանյան խինկալի» անունը»։

Ռեստորանի գրավչությունը ոչ միայն խինկալին է իր տեսականիով, այլև՝ հին հայկական ավանդական խոհանոցը։ Ժամանակի թելադրանքով դրսում էլ սեղաններ ու աթոռներ տեղադրվեցին, մեր զրուցակցի խոսքով՝ սա Եվրոպայի հետ ինտեգրվելու ձև է․ «Եվրոպացիները սիրում են դրսում նստել։ Մենք շատ զբոսաշրջիկներ ունենք, որոշեցինք դրսի տարածքն էլ օգտագործել»։

«Թումանյան խինկալու» երկրորդ հարկում պահպանված է 1936 թվականին հիմնադրված տան դիզայնը, որն այժմ դարձել է «Արաքս» ռեստորան։

Թումանյան փողոցն այսօր լի է հասարակական սննդի վայրերով։ Իրար հետևից բացվում են որակապես մեկը մյուսին չզիջող սրճարաններ ու ռեստորաններ։ Դրանցից մեկն է «Լավաշ» ռեստորանը, որի հիմնական ճաշացանկում հայկական ուտեստներ ու քաղցրավենիքներ են։  «Բիզնես 24»-ի հետ զրույցում ռեստորանի գլխավոր մենեջեր Վարդան Ուրֆալյանն ընդգծեց, որ ցանկացել են քաղաքի կենտրոնում հայկական որակյալ խոհանոցը ներկայացնել․ «Ինչո՞ւ «Լավաշ», որովհետև տարբեր երկրներում կան «Լավաշ» ռեստորաններ և չնայած 2 տարի առաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ն լավաշը ճանաչեց որպես հայկական հաց, այնուամենայնիվ, Երևանում նման ռեստորան չունեինք»։

Մեր զրուցակցի խոսքով՝ «Լավաշն» իր հետ բերել է մի շարք նորություններ՝ նոր ինտերիեր, նոր շունչ, նոր դիազայն, ավանդական ուտեստների նորովի ներկայացում։

Ռեստորանի ներսում թոնիր կա, որը գրավիչ է հատկապես զբոսաշրջիկների համար։ Նրանք  կարող են տեսնել, նկարել լավաշի պատրաստումը։  Ինչ վերաբերում է Թումանյան փողոցում ռեստորանների միջև մրցակցությանը, ապա Վարդան Ուրֆալյանն ասաց, որ իրենք իրենց գործն են անում և չեն զգում խիստ մրցակցություն։

Բացի ռեստորաններից, Թումանյան փողոցում են տեղակայված արագ սննդի վայրեր՝ ինչպիսիք են «Շամփուրը», «Լիբանան շաուրման» և այլն։ Այս փողոցում է նաև «Կարաս» ազգային սննդի ցանցի 15 մասնաճյուղերից մեկը։ «Բիզնես 24»-ի հետ զրույցում մասնաճյուղի մենեջեր Հրանտ Իսպիրյանն ասաց, որ «Կարասը» սիրված է ոչ միայն տեղացիների, այլև՝ զբոսաշրջիկների կողմից․ «Չնայած հասարակական սննդի կետերի խտությանը՝ Թումանյանի «Կարասը» այցելուների պակաս չունի և ամենաակտիվ կետերից է»։

Այս ցանկի մեջ առանձնանում է 1998 թվականից իր գործունեությունը ծավալող «Թումանյան Շաուրման»։ Արագ սննդի ցանցի մենեջեր Կոնստանտին Սաթյանի խոսքով՝ դժվար է գտնել որևէ հայաստանցու, ով գոնե մեկ անգամ «Թումանյան շաուրմա» համտեսած չլինի։  «Բիզնես 24»-ի հետ զրույցում նա նշեց, որ իրենց 20-ամյա գործունեության մեջ աշխատել են ապահովել որակը, ինչն էլ հաջողակ բիզնեսի գրավական է։ Բացի տեղացիներից, արագ սննդի ցանցից օգտվում են նաև մեծ թվով զբոսաշրջիկներ ինչպես Իրանից, այնպես էլ Ռուսաստանից և Եվրոպայից։ Մեր զրուցակիցն ասաց, որ «Թումանյան շաուրման» արդեն գրանցված բրենդ է և Երևանում ունի 5 կետ։

Խոսելով մրցակցության մասին՝ նա նշեց, որ դա շուկայի զարգացման շարժիչ ուժն է և շատ կարևոր է մրցակցության առկայությունը․«Մրցակցություն, իհարկե, կա և ամեն տարի ավելի է խստանում ու լրջանում, իսկ դրանից միայն հաճախորդն է շահում»,-եզրափակեց նա։

Լուսանկարները՝ Canon EOS 200D

Canon կորպորացիան և Հայաստանում Canon-ի պաշտոնական գործընկեր Ֆայն ընկերությունը ներկայացնում են Cashback ակցիան։

Առաջարկի շրջանակներում Ֆայն խանութից (ք. Երևան, Արշակունյաց 9/4, հեռ. +374 11 300 300) կամ Fine – Duty Free (fine.am) հարթակից գնելով Canon-ի նշված տեսականին գնորդները կստանան մինչև 174,000 դրամ արժեքով Cashback վաուչերներ, որոնք կարող են օգտագործվել Ֆայն խանությում կամ fine.am կայքում հետագա գնումներ կատարելիս։ Առաջարկը գործում է մինչև հուլիսի 31-ը։

Share