Բաժին. Բիզնես

«Գուլիվեր» մանկական ակումբի ներկայացուցիչը բաց նամակով Առողջապահության նախարարության պաշտոնյաններից հերքում է պահանջում

Դիտակետ լրատվականը արդեն ներկայացրել է «Գուլիվեր» մանկական ակումբի շուրջ ծավալվող իրադարձություններին։ Շարունակելով հետամուտ լինել խնդրի զարգացումներին խմբագրությունը ստացել է ակումբի ներկայցուցչի բաց Նամակն՝ ուղղված ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկողության ու կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ա. Վանյանին և ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկողության ու կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հատուկ վտանգավոր ու օդակաթիլային ինֆեկցիաների համաճարակաբանության բաժնի պետ Լ. Թորոսյանին։ Ներկայացնում ենք Նամակը ամբողջությամբ։

Հարգելի պարոն Վանյան,

Ս.թ. օգոստոսի 1-ին ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկողության ու կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հատուկ վտանգավոր ու օդակաթիլային ինֆեկցիաների համաճարակաբանության բաժնի պետ Լ. Թորոսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, թե «Գուլիվեր» մանկական ակումբի խոհարարի մոտ հայտնաբերվել է շիգելայի ԴՆԹ: Այնուհետև Լ. Թորոսյանը հայտարարել է, թե «Խոհարարը կարող էր վարակի աղբյուր լինել եւ պատշաճ պայմանների բացակայության պատճառով վարակը կարող էր փոխանցվել երեխաներին»:

Լ. Թորոսյանի նման հայտարարություններն համարում ենք անթույլատրելի և վարկաբեկող, դրանք չեն համապատասխանում իրականությանը, հակասում են նաև Ձեր տիրապետության տակ գտնվող բոլոր լաբորատոր եզրակացություններին և ունեն բացառապես մեկ նպատակ՝ հասարակությանը տրամադրել «Գուլիվեր» մանկական ակումբի դեմ, ինչի պատճառները մեզ համար պարզ չեն:

Պահանջում ենք Ձեր հանձնարարականը ենթակա բաժինների աշխատակիցներին, մանավանդ Լ. Թորոսյանին, զերծ մնալու պետական այրին անվայել հայտարարություններից, այլապես ստիպված կլինենք հրապարակել մեր տիրապետության տակ գտնվող բոլոր լաբորատոր հետազոտությունների արդյունքները, որոնցում հստակ երևում է, որ «Գուլիվեր» մանկական ակումբի որևէ աշխատակից՝ այդ թվում նաև խոհարարը, երբևէ որևէ հիվանդությամբ չի տառապել, առավելևս նման վիճակում չի աշխատել խոհանուցում, այնինչ Լ. Թորոսյանի հայտարարությունները իրենց մեջ պարունակում են հստակ զրպարտանք թե «Գուլիվեր» մանկական ակումբի հանդեպ և թե ակումբի խոհարարի անձի նկատմամբ, քանզի նման հայտարարությամբ Լ. Թորոսյանը մեղադրում է անձին հիվանդությամբ տառապելով երեխաների համար խոհանոցում կերակուրներ պատրաստելու մեջ, ինչը, կրկնում եմ, անթույլատրելի է:

Հարգելի պարոն Վանյան, Ձեր ղեկավարած կառույցի տիրապետման տակ են գտնվում հստակ լաբորատոր եզրակացությունները «Գուլիվեր» մանկական ակումբի ամբողջ անձնակազմի բժշկական հետազոտման վերաբերյալ, ուստի Ձեզ համար հայտնի է, որ որևէ աշխատակից չունի և չի ունեցել որևէ վարակային հիվանդություն, կատարելով նման զրպարտիչ հայտարարություններ, Դուք, քաղաքացուն ստիպում եք դիմելու միակ հասանելի պաշտպանության տարբերակին՝ դատական պաշտպանությանը, քանզի որևէ պետական այր իրավասու չէ առանց հստակ ապացույցների մեղադրանքներ հնչեցնելու որևէ քաղաքացու հասցեին:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում ենք հրապարակել հերքում՝ ս.թ. օգոստոսի 1-ին լրագրողների հետ զրույցում Լիանա Թորոսյանի կողմից հնչեցրած այն զրպարտությունների վերաբերյալ, թե իբր «Գուլիվեր» մանկական ակումբում որևէ վարակի աղբյուր եղել է խոհարարը, առավել ևս այն փաստի վերաբերյալ, թե խոհարարի մոտ հայտնաբերվել է շիգելլայի ԴՆԹ, քանզի դուք չունեք և չեք կարող ունենալ նման հայտարարությունն ապացուցող որևէ բժշկական եզրակացություն:

Միևնույն ժամանական հորդորում ենք հետագայում զերծ մնալ որևէ նմանատիպ հայտարարություններից, քանզի «Գուլիվեր» մանկական ակումբը այսուհետ իր հասցեին հնչեցված ցանկացած զրպարտելի հայտարարության դիմեց համապատասխան հայցադիմումով դիմելու է դատարան՝ պահանջելով թե դրանց հերքում և թե նման հայտարարություն կատարած անձանց համապատասխան պատասխանատվության ենթարկել:

«Գուլիվեր» մանկական ակումբի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Խաչիկյան

Share