Բաժին. Բիզնես

ՎիվաՍել-ՄՏՍ. hուսադրող ապագա՝ ամուր տանիքի տակ. բնակարանաշինություն Թաթուլ գյուղում

Մկրտչյանների բազմանդամ ընտանիքն ապրում է Արագածոտնի մարզում՝ Արտենի լեռան հարավարևելյան ստորոտին գտնվող Թաթուլ գյուղում:  Մոտ տասը տարի ընտանիքն ապրել է խարխլված տանիքով ու բնակարանային տարրական պայմաններից զուրկ, պանելային կիսակառույց տանը, որի պատերը ցրտից ու խոնավությունից բորբոսնել ու սևացել են:

Նոր՝ վարդագույն տուֆով պատված կառույցն, այժմ բացարձակ նման չէ հին տանը. արդեն մի քանի ամիս, ընտանիքի հայրը՝ Վոլոդյան, գիշեր-ցերեկ շինարարական աշխատանքներ է իրականացնում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» բնակարանաշինության ծրագրի շրջանակներում: Նա հասցրել է ոչ միայն ամրացնել ու հաստացնել բարակ պատերը, այլև նոր հարմարություններ ստեղծել:

«Չեք կարող պատկերացնել, թե ինչ երջանկություն է, երբ գիշերը հոգնությունից չես կարողանում քնել և չես էլ ուզում քնել. օր առաջ ցանկանում ես ավարտել շինարարությունը, որի մասին տարիներով երազել ես: Մուրճի ամեն հարվածի հետ մեծանում է նաև ապագայի նկատմամբ հույսն ու հավատը: Անչափ շնորհակալ եմ»,- ասել է ընտանիքի հայրը՝ Վոլոդյան:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» թիմերը միացել են ընտանիքին՝ հատակի բետոնացման աշխատանքներն իրականացնելու համար: Կողմերի աջակցության արդյունքում, Մկրտչյանների տունը նոր ու ամուր տեսք  կունենա:

«Ավելի քան տասը տարի, մեր գործընկերների հետ ձգտել ենք տանիք ստեղծել դրա անհրաժեշտությունն ունեցող շատ ընտանիքների համար, քանի որ ամուր տանիքը նաև ամուր ընտանիքի խորհրդանիշ է: Հուսով եմ, որ շինարարական հրապարակում կամավորների դրսևորած նվիրումն ու ջանասիրությունը դրական լիցքեր են փոխանցելու և՛ իրենց, և՛ այս տանն ապրողներին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Արդեն տասը տարի աշխատում ենք տան խնդիր ունեցող ընտանիքների հետ: Հասցրել ենք արձանագրել, որ ընտանքիների համար առավել կարևորը ոչ թե կոնկրետ իրականացվող շինարարությունն է, այլ այն հույսն ու դրական լիցքերը, որը նրանք ստանում են ծրագրի շնորհիվ: Կարևոր է այն, որ աջակցություն ստացող ընտանիքը հավատում է սեփական ուժերին, լուծումներ է գտնում և արժանապատիվ օգնություն ստանալով՝ պատրաստակամություն դրսևորում տան խնդիր ունեցող այլ ընտանիքներին աջակցության հարցում: Դա շատ արժեքավոր է»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի›› նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Share