Բաժին. Բիզնես

Ո՞ր բիզնեսներն են պատկանում Քոչարյանի ընտանիքին, որոնք՝ ոչ

Վերջին շրջանում լրատվական միջոցներում ակտիվորեն քննարկվում են, թե ո՞ր բիզնեսներն են պատկանում Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամերին։ «Բիզնես 24»-ը ներկայացնում է մի շարք ընկերություններ, որոնք այս թեմայի վերաբերյալ հանդես են եկել հայտարարությամբ։ 

Յունի բանկ

««Յունիբանկ»ի հիմնադիր սեփականատերերն են Գագիկ Զաքարյանը և Գեորգի Պիսկովը: Ներկայումս Բանկի ուղղակի նշանակալից մասնակիցն է «Յունիհոլդինգ ՋիՋի Լիմիթեդ» ընկերությունը, իսկ անուղղակի նշանակալից մասնակիցներն են «Յունիհոլդինգ ՋիՋի Լիմիթեդ» ընկերության երկու մասնակիցներ Գագիկ Զաքարյանը և Գեորգի Պիսկովը»:

Կոնվերս բանկ

««Կոնվերս բանկ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը հայտնում է, որ բանկի բաժնետերերն են «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԷլԷլՍի-ն, ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ Բի. ՎԻ. Ընկերությունը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին: Բանկի 95 տոկոս բաժնեմասի վերջնական շահառուն՝ առաջին երկու ընկերությունների միջոցով, հանդիսանում է Էդուարդո Էռնեկյանը»:

Արդշինբանկ ՓԲԸ

««Արդշինբանկ» ՓԲԸ մամլո ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ ոչ´ Ռոբերտ Քոչարյանը, ոչ´ էլ նրա հետ փոխկապակցված անձինք երբևէ չեն հանդիսացել Արդշինբանկի բաժնետոմսերի սեփականատեր: Վերոնշյալ տեղեկատվությունը հաստատելու համար Բանկը պատրաստ է ներկայացնել Բանկի բաժնետերերի վերաբերյալ համապատասխան տեղեկանք ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայից:

Բաժնետերերի մասին տեղեկատվությունը, ինչպես նաև միջազգային աուդիտորական ընկերությունների կողմից հաստատված Բանկի գործունեության մասին հաշվետվությունները հրապարակային են և տեղադրված են բանկի պաշտոնական կայքէջում:

Լինելով ֆինանսաբանկային համակարգում խոշորագույն հարկատուներից մեկը՝ Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր ընկերությունն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր և ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին»։

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ

«Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը, Բելլա Լևոնի Քոչարյանը, Սեդրակ Ռոբերտի Քոչարյանը, Գայանե Ռոբերտի Քոչարյանը, Լևոն Ռոբերտի Քոչարյանը կամ Քոչարյանի ընտանիքի մոտ հարազատները չեն հանդիսանում և երբևիցե չեն հանդիսացել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի բաժնետերեր: Պաշտոնապես հերքում եմ մամուլով շրջանառվող Ձեր կողմից նշված լուրերի մասին տեղեկատվությունը: Միաժամանակ հայտնում եմ, որ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի միակ բաժնետեր է հանդիսանում Վիտալի Սարգսի Գրիգորյանցը»,-հայտնում է վարչության նախագահ Արսեն Միքայելյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իր ընտանիքի անդամները կամ իր հետ փոխկապակցված անձինք չեն հանդիսանում և երբևիցե չեն հանդիսացել ՎիվաՍել-ՄՏՍ (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) սեփականատեր կամ բաժնետերեր: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա փաստացի բաժնետերեր են հանդիսանում «ՄՏՍ» ՀԲԸ-ն, որին պատկանում է բաժնետոմսերի 80%-ը, և լիբանանաբնակ Ֆաթուշ եղբայրները, որոնց պատկանում է բաժնետոմսերի 20%-ը»:

«ԶԵԹ ԸՆԴ ԷՅ» ՍՊԸ

«ԶԵԹ ԸՆԴ ԷՅ» ՍՊԸ-ն զբաղվում է տարբեր ապրանքանիշերի ապրանքների վաճառքով, որոնց ցանկում են նաև Emporio Armani-ն (Emporio Armani-ն ապրանքանիշ է, ոչ թե խանութների ցանց):

«ԶԵԹ ԸՆԴ ԷՅ» ՍՊԸ-ի հիմնադիր և միակ մասնակիցն է Ղուկաս Խաչատրյանը, ով որևէ ազգակցական կապ չունի ՀՀ որևէ պետական պաշտոնյայի հետ (և ներկայիչս, և նախկին): Այլ անձ չի հանդիսանում «ԶԵԹ ԸՆԴ ԷՅ» ՍՊԸ-ի բաժնետեր»,- հայտնում է ընկերության տնօրեն Ղ.Խաչատրյանը:

Երկու ընկերություն հաստատել են շրջանառվող լուրերը, թե  բիզնես առնչություն ունեն Քոչարյան ընտանիքի հետ:

Կապուտակ Սևան

Սեդրակ Ռոբերտի Քոչարյանը 2010թ. հունվարի 25-ից հանդիսանում է «Արթ Բիլդ» ՍՊԸ 50 տոկոս բաժնետեր:

«ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» ՍՊԸ

2006 թվականից սկսած՝ Սեդրակ Ռոբերտի Քոչարյանը հանդիսանում է ՍՊԸ-ի բաժնետեր՝ 30 տոկոս մասնաբաժնով:

Այսպիսով, ըստ հրապարակված տվյալների՝ 14 ընկերություն պաշտոնապես հերքել է Ռոբերտ Քոչարյանին և նրա ընտանիքի անդամներին պատկանելու մասին լուրերը, իսկ երկուսը հաստատել է այն:

Share