Բաժին. Բիզնես

Մհեր Գրիգորյան․ ԵԱՏՄ հիմնական պահանջներից մեկը երկրների ջանքերի մեկտեղումն է

ԵԱՏՄ հիմնական պահանջներից մեկը երկրների ջանքերի մեկտեղումն է, ինչն արդյունավետ է բոլորի համար, քանզի թույլ է տալիս բոլորին կմիավորվել և ներդնել իրենց ջանքերը նորարարությունների և նոր մշակումների մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Եվրասիական շաբաթ 2018» համաժողովի ընթացքում նման կարծիք հայտնեց Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն՝ ընդգծելով, որ ԵԱՏՄ երկրները պետք է համապատասխան բորսա ձևավորեն, որտեղ կներկայացնեն նոր թվային և տեխնոլոգիական լուծումները, և այն պետք է գործի կոմերցիոն հիմունքներով:

«Այս պոտենցիալ միջնորդությունը չպետք է ազդի ապրանքների և ծառայությունների ինքնարժեքի վրա: Մենք պետք է ունենանք օրենսդրություն, որի միջոցով կպաշտպանենք մտավոր սեփականության իրավունքը: Անհրաժեշտ է ճանապարհային քարտեզ, համաձայն որի կներդաշնակեցնենք օրենսդրությունները` մասնավորապես մտավոր սեփականության պաշտպանության ուղղությամբ»,-նշեց նա:

Մհեր Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ որքան շատ լինի ստանդարտացում ու որքան քիչ հնարավոր խոչընդոտները, որքան շատ բիզնեսը տրամադրված լինի զարգացման ուղղությամբ, այնքան ԵԱՏՄ երկրները կունենան ավելի մեծ տեխնոլոգիական առաջընթաց:

«Մենք ունենք օրենսդրությունների ներդաշնակեցման խնդիր, որովհետև ազգային մակարդակով իրականացվող նախաձեռնություններն առանց ուժերի միասնականացման կընթանան շատ ավելի բարդ և երկար»,-հավելեց նա:

Share