Բաժին. Բիզնես

Բիզնես Արմենիան Շվեյցարիայից Հայաստան է բերում ներդրումային գործընթացի թափանցիկության հավաստագիրը

Բիզնես Արմենիայի Դրամաշնորհային ծրագրերի մասնագետ Բելլա Մանուկյանը հոկտեմբերի 24-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում մասնակցել է Համաշխարհային ներդրումային համաժողովի շրջանակում կազմակերպված միջոցառմանը՝ Հայաստան բերելով հավաստագրերից մեկը։

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը դիտարկել է բիզնեսի ու ներդրումների ընթացակարգերի թափանցիկությանն ուղղված 130-ից ավելի երկրների գործնական քայլերը և գնահատել է Բիզնես Արմենիա հիմնադրամի քայլերը։ Հայաստանին 10/10 վարկանիշ է վերապահվել՝ շնորհվել է «Ձեռնարկությունների գլոբալ գրանցման» գործընթացների հավաստագիրը։

Բիզնես Արմենիան և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրն այս տարվա ապրիլին մեկնարկել են «Էլեկտրոնային կառավարումը՝ որպես օտարերկրյա ներդրումների ներգրավումը խթանելու գործիք» ծրագիրը, որի ընթացքում ներդրվել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) «eRegulations» գործիքը և արդեն պարզեցվում են մի շարք ընթացակարգեր։

«Ստեղծելով «բիզնեսի սպասարկման մեկ պատուհան», Հայաստանը միացավ բիզնեսի գլոբալ գրանցման և տեղեկատվական https://ger.co հարթակին, որն, ակնհայտորեն, բարձրացնում է մեր երկրի վարկանիշը գործարար աշխարհում։ Իսկ մրցանակը միջազգային ներդրողներին լրացուցիչ ուղերձ է, որ Հայաստանում գործ սկսելը դյուրին է ու թափանցիկ»,- նշել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

Համաշխարհային ներդրումային համաժողովն անցկացվում է երկու տարին մեկ՝ գլոբալ տնտեսական կարևորության հարցերի շուրջ։ Այն միասնական հարթակում է հավաքում շուրջ 4000 ներդրումային շահառուների՝ 160 երկրից։ Համաժողովին երկրները մասնակցում են կառավարական մակարդակով, Հայաստանի պատվիրակությունն այս տարի մասնակցել է նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։

Share