Բաժին. Բիզնես

Ինժեներական քաղաքում բացվել է ISB ընկերության հետազոտական կենտրոն

ISB ընկերությունն իր Հետազոտական կենտրոնը հիմնեց Ինժեներական քաղաքում, որի արդյունքում ևս մեկ միջազգային ինժեներական ընկերություն մուտք գործեց Հայաստան։

Օրեր առաջ Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում տեղի ունեցած տնտեսական ֆորումից տպավորված՝ ISB ընկերության ներկայացուցիչ, կանադահայ Գևորգ Թորոսյանը հայտնել էր Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրում անելու և ISB հետազոտական կենտրոն հիմնելու իր մտադրության մասին:

Գործարարն այցելել է Ինժեներական քաղաք, ծանոթացել այնտեղ գործող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների գործունեությանը, համատեղ քննարկել Հայաստանում բիզնեսի զարգացման հնարավորությունները, ինչի արդյունքում որոշվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի աջակցությամբ մասնաճյուղ հիմնել Երևանում։

«Չափազանց տպավորված եմ ինժեներական աշխատանքով և շատ առաջադեմ մտքերով, ինչպես նաև խանդավառված եմ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններով»,- ասել է Գևորգ Թորոսյանը։

«Հայաստանն աշխարհում դիրքավորվում է որպես ինժեներական լուծումներ տրամադրող առաջադեմ երկիր և մեզ համար չափազանց կարևոր է սփյուռքահայերի ներգրավմամբ հենց ինժեներական ոլորտի միջազգային ընկերությունների հիմնումը մեր երկրում»,-ասել է ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

«ISB ընկերության հետազոտական կենտրոնն արդեն այսօրվանից տեղակայված է ինժեներական քաղաքում: Ընտրվել են մասնագետներ, աշխատանքային միջավայրը համապատասխանում է ընկերության պահանջներին, միասնական ջանքերով նպաստելու ենք ընկերության ընդլայնմանը Հայաստանում» – ասել է Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանը:

ISB ընկերությունը գործում է 1972 թվականից և առաջատար դիրք է գրավում էլեկտրոնային անվտանգության և ավտոմատացման արտադրանքների, մետաղի դրոշմման և արտադրության մեջ:

Share