Բաժին. Բիզնես

Մինչև 1 մլրդ դոլար ներդրում՝ ՀՀ-ում սիլիցիումի գործարանի կառուցման համար

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանն ու Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահ շեյխ Ահմադ Ալ Սաբահը շրջայց են կատարել Առինջ մոլին հարակից 1 մլն քմ տարածքով արդյունաբերական խոշոր տարածքի հարևանությամբ գտնվող «Մուլտի Գոլդ» ոսկու շուկայում։ Այն նախատեսված է փոքր ու միջին բիզնեսի 8 հազարից ավելի ներկայացուցիչների համար։ Խանութներից բացի, ոսկու շուկայում կգործեն նաև արտադրամասեր, պահեստներ, սրճարաններ և ավտոկայանատեղի։

Գագիկ Ծառուկյանը շեյխ Ահմադ Ալ Սաբահին ուղեկցել է Աբովյան փողոցում կառուցվող աշխարհահռչակ հյուրանոցների ցանցի՝ «Կեմպինսկի» հյուրանոցի շինարարության վայր։ Հինգ աստղանի «լյուքս» դասի հյուրանոցային համալիրի կառուցումը Գագիկ Ծառուկյանի և շեյխ Ահմադ Ալ Սաբահի համատեղ ներդրումային ծրագիրն է, որի նախնական ծավալը կգերազանցի 100 մլն դոլարը։ Շեյխը տեղյակ է շինարարության  վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի հետ տարվող գործընթացից, սակայն վստահ է՝ խնդիրներ չեն առաջանա։

Գագիկ Ծառուկյանը Քուվեյթի շեյխին ներկայացրել է նաև մետաղների արտադրությամբ զբաղվող սիլիցիումի գործարանի կառուցման մանրամասները։ Այստեղ նախատեսվում է տեղադրել միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապատասխանող լավագույն տեխնոլոգիաներ և վերամշակող վառարաններ։ Ծրագրի ավարտին ներդրումների ընդհանուր ծավալը կլինի մոտ 1 մլրդ դոլար, կստեղծվի շուրջ 3 հազար աշխատատեղ։

Գործարանի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են, ըստ Գագիկ Ծառուկյանի՝ այն երկու տարուց պատրաստ կլինի շահագործման։

Share