Բաժին. Բիզնես

Beeline-ի և Հայաստանի Գործատուների հանրապետական միության աջակցությամբ երիտասարդներն այցելում են Հայաստանում գործող կազմակերպություններ

Beeline-ի և Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) համատեղ ծրագրի շրջանակում 5 ընտրված դպրոցների աշակերտներ և երիտասարդներ տարբեր ուսումնական հաստատություններից դեկտեմբերի ընթացքում այցելում են Հայաստանում գործող արտադրական  կազմակերպություններ։                                   

Ծրագրի նպատակն է ընդլայնել երիտասարդերի գիտելիքները  և պատկերացումները Հայաստանում գործող ընկերությունների և աշխատաշուկայի պահանջների վերաբերյալ:

«Երիտասարդության զբաղվածության խնդիրները մշտապես գտնվում են ՀԳՀՄ-ի և իր անդամների ուշադրության ներքո: Այդ առումով ցանկանում եմ հատկապես նշել Beeline-ի գերազանց փորձը և գործառույթները՝ ուղղված ստարտափների և աշխատաշուկայում երիտասարդների  մրցունակության բարձրացմանը: Մենք՝ Beeline-ի հետ միասին այս ծրագրի շրջանակում, այս անգամ, առավելապես կենտրոնացել ենք երիտասարդների կարիերայի պլանավորմանը և նրանց շրջանում աշխատաշուկայի պահանջների ընկալման բարելավմանը, հանուն նրանց զբաղվածության խթանման և ՀՀ տնտեսության զարգացման», – նշեց ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը:

«Հանդիսանալով Հայաստանի խոշոր գործատուներից և հարկատուներից մեկը Beeline–ը համագործակցում է միության հետ 2010թ–ից ի վեր՝ նպաստելով կրթություն-աշխատաշուկա համագործակցությանը, ինչպես նաև խթանում է կարիերայի պլանավորման գործընթացն երիտասարդների շրջանում»,- նշել է Հայաստանում Beeline–ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Այցելությունները մասնակցելու են մի քանի ԲՈՒՀ-երի և սույն ծրագրի շրջանակում 5 ընտրված դպրոցների և «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշակերտները՝ ընդհանուր 80 երիտասարդ:

Նշենք, որ հոկտեմբեր-նոյեմբերին տարբեր ուսումնական հաստատություններից ընտրված երիտասարդներ և կամավորներ մասնակցել են ՀԳՀՄ-ում կարիերայի պլանավորման վերաբերյալ կլոր-սեղան քննարկումներին, մասնավորապես՝ Հայաստանի Ազգային Ագրարային, Հայաստանի պետական մանկավարժական և Եվրասիա Միջազգային համալսարանից: Կլոր սեղան քննարկումների ընթացքում ներկայացվել են երիտասարդ մասնագետների նկատմամբ աշխատաշուկայի/գործատուների պահանջները, Հայաստանի տնտեսության զարգացող ճյուղերը (մասնավորապես՝ ՏՏ և ինժեներինգ, գյուղմթերքների արտադրություն, հագուստի արտադրություն, մետաղամշակում և այլն), ինչպես նաև ստարտափների և դրանց աջակցող գործիքակազմի մասին:

Share