Բաժին. Բիզնես

«Արմաթի» շնորհիվ մարզերում բարելավվում է տեխնոլոգիական կրթության որակն ու ստեղծարար միտքը

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) 2018-ին իրականացրել է տասնյակ ծրագրեր՝ ուղղված Հայաստանի գիտակրթական, գործարար և ռազմարդյունաբերության ոլորտների աջակցմանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը և գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, խոսելով Միության գործունեության ռազմավարական ուղղություններից մեկի՝ կրթության մասին, առանձնացրել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագիրը:

«Արմաթ» ծրագրի հաջողությունը պայմանավորված է տարբեր հանգամանքներով: Նախ՝ Հայաստանի բոլոր ծայրերում ապրող յուրաքանչյուր աշակերտի համար ստեղծված է նորարարական և անվճար կրթություն ստանալու հնարավորություն: Ապա, աշակերտների համար ստեղծված են բազմաթիվ հարթակներ, որտեղ նրանք թիմային աշխատանքներ են կատարում, ծանոթանում և մրցում՝ օրինակ այլ մարզի դպրոցականների հետ, հետաքրքրությունների նոր շրջանակ ստեղծում և ձեռնարկատիրական հմտություններ զարգացնում: Նրանք ունեն լայն հնարավորություններ ՏՏ ոլորտի առաջատար մասնագետների հետ շփման և մասնագիտական ուղի մշակելու համար, բացի այդ կիսվում են իրենց գաղափարներով, խորհրդակցում բիզնեսի զարգացման ուղիների մասին: Քիչ չեն նաև դեպքերը, երբ արմաթցի սաներն անմիջապես աշխատանքի են անցնում նշված ընկերություններում:

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշում է, որ «Արմաթ» լաբորատորիաների քանակն արդեն ցանկալի «կրիտիկական զանգվածին» է հասել. մինչ մենք նոր լաբերի համար ֆոնդհայթհայթման աշխատանքներ ենք կատարում, մի շարք դպրոցներ իրենց միջոցներն են ներդնում և «Արմաթ» հիմնում:

ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը նշում է, որ շփվելով և ծանոթանալով դպրոցականների աշխատանքներին, ակնհայտ երևում է, որ «Արմաթի» շնորհիվ մարզերում բարելավվում է տեխնոլոգիական կրթության որակն ու ստեղծարար միտքը:

«Արմաթ» կրթական ցանցն ունի արդեն 250 լաբորատորիա և 5300 աշակերտ: Դրանք սփռված են Հայաստանում, Արցախում (մինչև տարեվերջ՝ 17), Ձավախքում (2):  Լաբորատորիաները ստեղծվում են ԱՏՁՄ-ի և դոնոր կազմակերպությունների ներդրումների շնորհիվ, իսկ Հայաստանում գործող խմբակների ուսուցիչների աշխատավարձերը տրվում է ՀՀ Կառավարության կողմից:

2019 թ-ին Կառավարությունը 300 մլն դրամ կհատկացնի «Արմաթ» ծրագրին՝ առկա լաբորատորիաների ուսուցիչների վարձատրության համար:

2018-ին ԱՏՁՄ-ն վերապատրաստման դասընթացներ է իրականացրել «Արմաթի» շուրջ 100 ուսուցիչների համար՝ եռաչափ մոդելավորման և տպագրության, ռոբոտաշինության, IOT սարքերի, ինչպես նաև c++, python ծրագրավորման լեզուների ուղղություններով:

Արմաթցի սաներն այս տարի ակտիվ մասնակցություն են ցուցաբերել «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսում: Ցուցահանդեսում իրենց ստեղծած աշխատանքներն են ներկայացրել Հայաստանի բոլոր մարզերի դպրոցականները:

Նրանք մասնակցել են նաև «ԴիջիԿոդ» ծրագրավորման, Եռաչափ մոդելավորման, Ռոբոտների մրցույթներին, «ԴիջիՔեմփ» և «Արմաթ» տեխնոլոգիական ճամբարներին:

«Արմաթ» ինժեներական լաբորատորաների ցանցն այս տարի կրկին միջազգային հաղթանակներ է ձեռք բերել:

Արմաթցիների մարզային թիմը Մեխիկոյում մասնակցել է First Global ռոբոտների միջազգային մրցույթին, մասնակից շուրջ 180 երկրների շարքում ընդգրկվել է լավագույն 48-ի մեջ (ըստ միավորների՝ 15-րդ տեղ) ու անցել եզրափակիչ փուլ և այնտեղ ավարտել մրցակցությունը:

«Արմաթ» կրթական ցանցը հաղթանակ է տարել նաև Եվրասիական թվային պլատֆորմներ ամենամյա միջազգային մրցույթի կիսաեզրափակչում և արժանացել է Nokia ընկերության մրցանակին։

ԱՏՁՄ-ն բանակցություններ է վարում «Արմաթ» կրթական մոդելը արտերկիր արտահանելու ուղղությամբ (Իսպանիա, Մոնղոլիա, Եթովպիա, Բանգլադեշ և այլն):

Share