Բաժին. Բիզնես

Հայկ Ֆարամազյան. «Ռոստելեկոմ» Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքերը հեռահաղորդակցության շուկայում

Պարզելու համար, թե ինչպիսին էր 2018 թվականը «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերության և, ընդհանուր առմամբ, Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի համար, և թե առաջիկայում ինչ զարգացումներ են սպասվում ոլորտում, «ԲԻԶՆԵՍ 24»-ը զրուցել է «Ռոստելեկոմ» Հայաստանի Գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանի հետ:
– Պրն. Ֆարամազյան, ի՞նչ ուղղությամբ է այսօր զարգանում հեռահաղորդակցության համաշխարհային շուկան: Որքանո՞վ է Հայաստանը շարժվում գլոբալ փոփոխություններին համընթաց:
– Վերջին տարիներին դինամիկ աճ են ապահովում էլեկտրոնային ծառայությունները: Հիմա գլոբալ շուկայում մենք տեսնում ենք ընկերություններ, որոնք ստեղծվել են որպես ստարտափներ և այսօր արդեն էլեկտրոնային ծառայությունների ոլորտում զբաղեցնում են առաջատար դիրքեր: Այս միտումը հանգեցրել է նրան, որ հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունները՝ որպես ենթակառուցվածքային ընկերություններ, իրենց բիզնես-մոդելները ենթարկում են փոփոխությունների և, մասնավորապես, ավանդական կապի ծառայություններից զատ՝ թե՛ շարժական և թե՛ լարային, մտնում են հավելյալ ծառայությունների դաշտ, ինչպիսիք են, օրինակ, սեփական բովանդակության ստեղծումը, սթրիմինգ ծառայությունները, ամպային լուծումները, ինչու չէ՝ նաև կոմերցիոն էլեկտրոնային ծառայությունները, ֆինտեխ լուծումները: Այսօր սմարթֆոնները դարձել են կյանքի անբաժանելի մասը, և բաժանորդները ցանկանում են սմարթ հեռախոսների հավելվածների միջոցով օգտվել տարաբնույթ ծառայություններից, դա կլինի օնլայն առևտուր, հեռուստատեսության ծառայություն, ֆինանսական ծառայություններ և այլն: Գլոբալիզացիայի և ինտերնետիզացիայի դարաշրջանում բաժանորդներն արագ տեղեկանում են միջազգային նորարարություններին և առավել պահանջկոտ են:
Հեռահաղորդակցության ընկերությունները՝ դիվերսիֆիկացնում են բիզնեսը հավելյալ ծառայությունների հաշվին, ինչը հնարավորություն կտա տրամադրելու նոր հնարավորություններ ու լուծումներ, ինչպես նաև ձեռք բերելու եկամտի նոր աղբյուրներ: Հայաստանի շուկան ևս անմասն չէ այս զարգացումներից: Շատ ուրախալի է, որ մեզ մոտ գնալով զարգանում են էլեկտրոնային ծառայությունները, և ինչն ավելի գովելի է՝ դա տեղի է ունենում լոկալ ստարտափների միջոցով: Հիմա Հայաստանում հասանելի են գրեթե բոլոր էլեկտրոնային ծառայությունները: Հայաստանի հեռահաղորդակցական ընկերությունների համար կարևոր է կապի ավանդական ծառայություններ մատուցող ընկերություններից փոխակերպվել ավելի նորարարական մտածելակերպով ընկերությունների և բաժանորդներին հասցնել ծառայությունների ամբողջական փաթեթ: Այս առումով «Ռոստելեկոմ» Հայաստանը բավականին աշխատանք արդեն իսկ իրականացրել է, և մենք շարունակում ենք մնալ ոլորտի առաջատարներից, ով նորարարական լուծումներ է առաջարկում: Օրինակ, 2015 թվականին երբ մենք ներդրեցինք մեր IPTV և OTT հեռուստատեսության պլատֆորմը, այն Հայաստանում առաջինն էր, որը հիբրիդ լուծումներ էր առաջարկում, և լինելով Android հենքի վրա՝ հնարավորություն տվեց հայկական ստարտափներին իրենց հավելվածները ադապտացնել մեր պլատֆորմին։ Նման առաջարկ էր նաև YouTube հավելվածի ներկայացումը հեռուստաէկրանից: Մենք ունենք նաև օրինակներ ամպային լուծումների մասով, ինչպես կորպորատիվ հաճախորդների ծառայությունների տեսքով, այնպես է ֆիզիկական անձանց։ Ունենք մեծ հաջողություններ համաշխարհային ընկերությունների բովանդակության՝ մեր հանգույցներում լոկալիզացիայի մասով, օրինակ Google, YouTube, Facebook, Mail.ru, RuTube։ Այնպես որ, նորարական մտածելակերպը մեր ընկերության հաջողության հիմնական գրավականներից է։
– Ինչպե՞ս եք գնահատում մրցակցությունը Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում: Ինչպե՞ս է այն անդրադառնում ոլորտի զարգացման վրա:
– Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտը բավականին մրցակցային է, և կարելի է ասել՝ ամենաազատ ու ամենաբաց ոլորտներից մեկն է: Մրցակցությունը ես կբաժանեի 2 մասի: Կան 4 խոշոր օպերատորներ, որոնք մեծ ներդրումներ են կատարել ենթակառուցվածքների մեջ, համապետական ցանցեր են կառուցել՝ և՛ շարժական, և՛ ֆիքսված, և կան ինտերնետի ու TV ծառայության լոկալ փոքր և միջին պրովայդերներ, որոնք հիմնականում օգտվում են 4 խոշոր օպերատորների կողմից տրամադրվող արտաքին կապուղիներից և ինտերնետից, ծառայություններ են մատուցում կոնկրետ տարածքներում: Ըստ էության, բոլորն էլ մրցակից ընկերություններ են՝ անկախ չափից և ծավալներից: Մենք կարծում ենք, որ մրցակցությունը միայն դրական միտումներ է բերում շուկայում, և որ ամենակարևորն է՝ ավելի զգոն է պահում, պարտավորեցնում է ավելի հնարամիտ, ավելի նորարարական լուծումներ առաջարկել և ավելի լավ սպասարկել բաժանորդներին: Գաղտնիք չէ, որ ցանկացած ընկերության հաջողության գրավականը հաճախորդների բավարարվածության բարձր մակարդակն է: Մենք մշտապես աշխատում ենք այդ ուղղությամբ և այսօր կարող եմ հպարտությամբ ասել, որ առաջատար դիրքեր ենք զբաղեցնում հաճախորդների բավարարվածության և գոհունակության առումով (այդ թվում նաև բարձր Net Promoter Score NPS ցուցանիշով): Մրցակցությունը ենթադրում է շատ խիստ ուշադրություն սպասարկմանը, ծառայությունների որակին և նոր ծառայությունների տրամադրմանը: Մենք կողմնակից չենք զուտ սակագների իջեցումը մրցակցության միակ գործիք դիտելուն: Սակագները պետք են լինեն մատչելի, բայց չպետք է լինեն խելամիտից ցածր: Սակագների անկումն ինչ-որ սահմանից ներքև կարող է բերել ծառայությունների որակի և սպասարկման որակի անկման, քանի որ եթե ընկերությունը չկարողանա ապահովել շահույթ, չի կարող այդ շահույթը ներդնել ցանցի վերազինման, սպասարկման որակի բարձրացման կամ նոր տեխնոլոգիաների ներդրման մեջ, ինչը շարունակական գործընթաց է և մշտապես ներդրումներ է պահանջում։
– Քանի որ տարին մոտենում է ավարտին, խնդրում եմ ամփոփել՝ ինչպիսի՞ն էր 2018 թվականը «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերության համար:
– Կարող եմ ասել, որ աճի դինամիկան մեզ մոտ շարունակվում է: Այս տարի ընկերությունը գրանցել է ինչպես բաժանորդների թվաքանակի, այնպես էլ հասույթի, շահութաբերության աճ: Ընդհանուր առմամբ, մենք գոհ ենք տարեկան նախնական ցուցանիշներից: Մենք շարունակում ենք մնալ առաջատար օպերատոր կորպորատիվ շուկայում: Մանրածախ շուկայում մեր դիրքերն ամրապնդել ենք՝ ինչպես մարզերում, այնպես էլ Երևանում: Ընկերության նկատմամբ դրական տրամադրվածությունն ու վերաբերմունքն ամրապնդվել է, ինչը ես համարում եմ ամենամեծ և արժեքավոր ձեռքբերումներից մեկը:
Share