Բաժին. Բիզնես

Վիվասել-ՄՏՍ. 9 տարի՝ աշխարհի հայերի հետքերով

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Համահայկական աշխարհագրական ասոցիացիան գործակցության տասներկուամյա ժամանակահատվածում մի շարք ծրագրեր են իրականացրել: Դրանցից մեկի շնորհիվ ինը տարի շարունակ տպագրվել է ճանաչողական բնույթի գիրք՝ յուրօրինակ հանրագիտարան հանդիսանալով Հայաստանի ու արտերկրի ընթերցողների համար: Հային ու հայկականությանն առնչվող շարքի շրջանակում առ այսօր արդեն հրատարակվել է ինը հատոր: Գործընկերներն այդ գրքերի շնորհանդեսը կազմակերպել են Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանի՝ Հայ գրատպության առաջնեկներին նվիրված սրահում: Այսուհետև հավաքածուն իր պատվավոր տեղը կունենա Ազգային գրադարանում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ մշակութային արժեք ներկայացնող գրքերի ստեղծման աշխատանքները 2011 թվականից իրականացրել է Համահայկական աշխարհագրական ասոցիացիան: Առաջին 4 հատորում ներկայացված են աշխարհի հայկական հուշարձաններից 800-ը: Դրանք հայերի նախաձեռնությամբ ու հայերին նվիրված ՝արտերկրում առկա բոլոր հուշարձանները չեն, սակայն մեծ մասն են:

«Նպատակը, որի շուրջ գործակցել ենք տարիներ շարունակ, ոչ թե մյուսների նկատմամբ մեր ազգի առավելությունն ընդգծելն է, այլ ինքնաճանաչողությունն ու մեր մշակույթն աշխարհին հասանելի դարձրած հայորդիների գործը գնահատելը: Պիտի արձանագրեմ, որ մեր գործունեության հաջողությունը պայմանավորված է ոչ միայն թիմային աշխատանքով ու նվիրմամբ, այլև այս ինը հատորում տեղ գտած անվանի հայերից յուրաքանչյուրի անցած ճանապարհով: Ուզում եմ հավատալ, որ շարքը հաճույքով կընդունվի նաև գրադարանի այցելուների կողմից»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հինգերորդ և վեցերորդ հատորներում զետեղված տեղեկություններն առնչվում են աշխարհի հայ երաժիշտներին:  Գործընկերների համատեղ ջանքերով հավաքագրված նյութերի շնորհիվ ընթերցողը հնարավորություն ունի ծանոթանալու արտերկրի անվանի հայ երաժիշտների գործունեությանը: Մարդիկ, ովքեր իրենց նվիրման շնորհիվ ոչ միայն իրենց ստեղծագործական ուղին են հարթել, այլև նպաստել են մեր երկրի հեղինակության բարձրացմանը:

Հաջողված գործընկերության արդյունքում հաջորդիվ տպագրվել է աշխարհի հայ նկարիչների մասին պատմող ևս երկու հատոր: Սկզբունքը մնացել է նույնը. ներկայացնել ճակատագրի բերումով աշխարհով մեկ սփռված տաղանդավոր հայերի ավանդը մշակույթի մեջ: 8-րդ գրքի տպագրությունը համընկել է հայ մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակի հոբելյանին և նվիրվել նրան:

2018 թվականին գործընկերներն անդրադարձել են հայ կինոգործիչներին: Այդ թվականին տպագրված հատորը՝ իններորդը, նվիրվել է Վիլյամ Սարոյանի ծննդյան 110-ամյակին: Դրանում ներկայացված է կինեմատոգրաֆի արվեստին տիրապետող՝ Հայաստանից դուրս ապրած և ապրող հայ կինոգործիչների գործունեությունը:

Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանը խոսել է նախագծի գաղափարի, դրա կարևորության ու անհրաժեշտության, իրականացման   գործընթացի, ինչպես նաև երկու  կազմակերպությունների միջև  համագործակցության մասին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի գործընկերությունը շարունակվելու է նաև ընթացիկ տարում:

Գրքերի շարքը հասանելի է առցանց՝ հետևյալ հղմամբ.

https://www.mts.am/about-us/vivacell-mts-to-armenia/VivaCell-MTS-publications/armenians-and-the-world

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Ուկրաինայում և Թուրքմենստանում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share