Բաժին. Բիզնես

Հայաստանցի երիտասարդ ձեռնարկատերը հաղթել է միջազգային մրցույթում

«Էրասմուս երիտասարդ ձեռնարկատերերի համար» ծրագրի հայաստանյան մասնակից Նելլի Դավթյանը հաղթել է ծրագրի հոբելյանի կապակցությամբ անցկացվող միջազգային մրցույթի «Լավագույն ձեռնարկատեր» մրցանակաբաշխությում, որը տեղի է ունեցել մարտի 18-ին՝ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում: Մրցույթին մասնակցել են 10 տարվա ընթացքում ծրագրի շահառու հարյուրավոր ձեռնարկատերեր աշխարհի 36 երկրներից։

Նելլի Դավթյանը «Այ Թի Սոլուշնս» («Անտիկ Արթ» ՍՊԸ) ընկերության հիմնադիր տնօրենն է։ Ընկերությունը զբաղվում է ծրագրավորման  ծառայությունների մատուցմամբ, առաջին պրոդուկտը «Բասթիքս» տուրիստական հեռախոսային հավելվածն է, որն իր տեսակի մեջ միակն է ԱՊՀ երկրներում։

2018թ. Նելլի Դավթյանը «Էրասմուս Երիտասարդ Ձեռնարկատերերի համար» ծրագրի շրջանակում 3 ամսով մեկնել է Մալթա՝ փորձի փոխանակման նպատակով։ Այսօր «Այ Թի Սոլուշնսը» համագործակցում է Մալթայի մի շարք առաջատար ՏՏ ընկերությունների հետ, մշակում  է էլեկտրոնային ուսուցման ծրագրեր, որոնցից մեկը կարող է ծառայել ՀՀ կրթական ոլորտի բարելավմանը։ 

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը «Էրասմուս երիտասարդ ձեռնարկատերերի համար» ծրագրի միակ միջնորդ կազմակերպությունն է Հայաստանում: Ծրագիրը հասանելի է հայաստանյան ձեռնարկատերերի համար 2017 թվականից և կտևի մինչև 2022 թվականը:

Share