Բաժին. Բիզնես

Զվարթնոց օդանավակայանը 12 մլն դոլար կներդնի վազքուղու վերանորոգման համար

Զվարթնոց օդանավակայանը պատրաստվում է խոշոր ներդրում իրականացնել և վերանորոգել օդանավակայանի վազքուղին` այն համապատասխանեցնելով միջազգային լավագույն ստանդարտներին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից, օդանավակայանի վազքուղին ունի 3850մ երկարություն և 56մ լայնություն: Այն կառուցվել է դեռևս 1963 թվականին և մինչ օրս մի քանի անգամ նորոգվել ևուժեղացվել է: Վերջին անգամ վազքուղու նորոգման աշխատանքներն իրականացվելեն 2003-2004թթ:

Հաշվի առնելով վազքուղու փաստացի վիճակը` անհրաժեշտություն է առաջացել իրականացնել ծածկույթի վերանորոգման մասշտաբային աշխատանքներ: Վազքուղու ծածկույթի նորոգումը ներառում է ասֆալտբետոնե ծածկույթի ֆրեզում, փոսային նորոգում, ճաքերի մաքրում և լցում հերմետիկով, գեոցանցի տեղադրում ճաքերի հատվածում, ասֆալտբետոնե ծածկույթի իրականացում և այլն:

Աշխատանքների իրականացման ընթացքում վազքուղու կենտրոնական մասի ապամոնտաժվող լուսատեխնիկական համակարգը փոխարինվելու է նորով: Նոր  ”LED”համակարգը համապատասխանում է ժամանակակից միջազգային լավագույն չափանիշներին:

Վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 1-ից և կտևեն շուրջ 45 օր: Աշխատանքների ընթացքում օդանավակայանում թռիչքներ կիրականացվեն միայն երեկոյան 21:00-ից, մինչև առավոտյան 09:00:

Share