Բաժին. Բիզնես

Սպայկա. ՊԵԿ-ը փորձում է օգտագործել կալանք քրեաիրավական գործիքը՝ անձին վախեցնելու և գումար գանձելու համար

Սպայկա ընկերությունը հայտարարություն է տարածել, որտեղ պատասխանել է պետական եկամուտների կոմիտեին՝ ընկերության կողմից 7 մլրդ դրամ հարկերից խուսափելու մեղադրանքի առնչությամբ։

«Ի պատասխան ՍՊԱՅԿԱ ընկերության վերաբերյալ ՊԵԿ-ի հրապարակած ապատեղեկատվությանը հայտնում ենք՝

Հասարակության ուշադրությունը ուզում ենք սևեռել այն փաստի վրա, որ ՊԵԿ-ը չճշտված, ենթադրական բնույթ կրող, ենթադրյալ հարկային պարտավորության վերաբերյալ ընկերության տնօրենի առարկություններին և խորացված ուսումնասիրություն իրականացնելու միջնորդությանը խոսում է սպառնալիքներով: Միայն նրա համար, որ ընկերության տնօրենը հլու-հնազանդ չի կատարում ներկայացված պահանջը, ՊԵԿ-ը փորձում է օգտագործել կալանք քրեաիրավական գործիքը՝ անձին վախեցնելու և գումար գանձելու համար:

– ՊԵԿ-ի մեկնաբանությունների մեջ նշված բոլոր փաստարկները ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի պաշտպանների կողմից հիմնովին հերքվել են ապրիլի 5-ի կալանքի միջնորդության վերաբերյալ դատական նիստի ժամանակ: Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք առաջիկայում ասուլիս հրավիրել և հրապարակել դրանք:

– ՊԵԿ-ի կողմից իրավական փաստարկները իրավական պրոցեսից դուրս մեդիա ցանցերում հրապարակելը ըստ մեզ հանդիսանում է դատական համակարգի վրա ոչ իրավաչափ ազդեցություն գործադրելու փորձ:

– ՊԵԿ-ի կողմից ուղղորդված ապատեղեկատվության տարածումը դիտարկում ենք ոչ միայն ոչ իրավաչափ, այլ նաև Սպայկա ընկերության գոյությանը ուղղված ուղղակի սպառնալիք:

– Մենք երբևէ չենք հրաժարվել և հիմա էլ չենք հրաժարվում հիմնավորված հարկային պարտավորությունների կատարումից և պատրաստ ենք ՊԵԿ-ի հետ այդ ուղղությամբ արդյունավետ համագործակցել», – ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը ընկերությանը չվճարած 7 մլրդ դրամի հարկերի և մաքսատուրքերի համար Դավիթ Վենգերի Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով։ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Սպայկա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու ՊԵԿ քննչական վարչության միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի ապրիլի 8-ին:

Share