Բաժին. Բիզնես

Ucom. Հայտնի են ԴիջիԿոդ պատանեկան ծրագրավորման մրցույթի արդյունքները

Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացել է ԴիջիԿոդ պատանեկան ծրագրավորման 5-րդ ամենամյա մրցույթը: Այս տարի մրցույթին դիմել են 300-ից ավելի մասնակիցներ ՀՀ բոլոր մարզերից և Ջավախքից: Եզրափակիչ փուլ են անցել նրանցից 55-ը՝ կրկին ներկայացնելով բոլոր մարզերը:

Առաջին անգամ ԴիջիԿոդում դպրոցականները մրցել են ոչ միայն Աղուէս/Scratch և Կրիայ/K-Turtle լեզուներով ստեղծած ծրագրերով, այլև Python` բարձր մակարդակի ծրագրավորման լեզվով գրված աշխատանքներով: Ի դեպ, ժյուրիի անդամները մասնագիտական մեծ հետաքրքրություն են ցուցաբերել ծրագրավորման լեզուներ տիրապետող արմաթցիների նկատմամբ: Հատկանշական է, որ ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի մրցույթի մասնակիցները հանդես են եկել առավել օպտիմալ լուծումներով:

«Մեր նպատակը ոչ թե օգտատերերի, այլ ստեղծողների սերունդ կրթելն է, այնպիսի մարդկանց հնարավորություն ընձեռելը, ովքեր իրենց ստեղծարարությամբ թելադրող են։ Իմ առաջին խաղը 1987-89թթ․ եմ խաղացել, իսկ այն մակարդակով մի քանի անգամ ավելի ցածր էր ու որակով շատ էր զիջում ներկայիս պատանի խաղ ստեղծողների աշխատանքներին։ Այսօրվա երեխաները ստեղծում են այնպիսի որակի խաղեր, որի մասին մենք՝ 90-ականների պատանիներս երազում էինք։ Սեփական ապագան կերտելու համար պետք չէ 18 տարեկանում սկսել ինչ-որ բաներ անել 25-ում արդյունքի հասնելու համար, պետք է սկսել 12 տարեկանից, 16-ում ունենալ այն, ինչ կարող ես ունենալ 25 տարեկանում, իսկ 25-ում ավելի մեծ նվաճումների ձգտել», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

ԴիջիԿոդի կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշել է, – «Այս տարի աշխատանքներն ավելի շատ ստեղծագործական էին և ամբողջությամբ արտացոլում էին աշակերտների սեփական գաղափարները: Բացի այդ, չափազանց ոգևորիչ էր նաև, որ եզրափակիչ փուլում փորձառուներին չէին զիջում մեր նորաստեղծ խմբակների աշակերտները: Արմաթների ընդլայնման և ԴիջիԿոդի նկատմամբ տարեցտարի աճող հետաքրքրության շնորհիվ` նախատեսում ենք մրցույթը վերածել մարզային ձևաչափի, որպեսզի հնարավոր լինի բացահայտել  թաքնված բոլոր տաղանդներին»:

Արմաթցի դպրոցականների ստեղծած խաղերին և ծրագրերին մեկ ամբողջ օր ծանոթացել են ժյուրիի անդամները: Ժյուրիի կազմում էին Սաթենիկ Մնացականյանը (Լեւիաթան), Նատալյա Տուրովցևան (Ucom), Արթուր Խալաթյանը (ՀԱՀ), Արման Պողոսյանը (Ինստիգեյթ), Արման Աթոյանը (Arloopa), Վահե Տոռոզյանը (Mindup Games), Տիգրան Մինասյանը (Noor Games), Հրաչ Խաչատրյանը (Սայմոթեք) և Գոռ Վարդանյանը (ՖայմԹեք):

Մինչեւ 13 եւ 13 տարեկանից բարձր տարիքային խմբերում «Լավագույն խաղ» անվանակարգում հաղթող են ճանաչվել համապատասխանաբար Արցախի ԱՏՏԿ-ի արմաթցի սան Քրիստիան Ալեքսանյանն իր «Հայ զինվոր» խաղով եւ Սեւանի ավագ դպրոցի սաներ Արայիկ Գաբրիելյանն ու Շահեն Հակոբյանն համատեղ ստեղծած «Unknown Soldier» խաղով:

Կրիայ/K-turtle ծրագրով «Լավագույն ալգորիթմական լուծում» անվանակարգում հաղթել է Մասիսի թիվ 1 հիմնական դպրոցի սան Էդգար Հարությունյանն իր «3D ուղղանկյունանիստ պտույտ» նախագծով:

Մինչեւ 13 եւ 13 տարեկանից բարձր տարիքային խմբերում «Լավագույն ինտերակտիվ անիմացիա» տիտղոսին են արժանացել համապատասխանաբար Գանձակի թիվ 1 դպրոցի սան Թորգոմ Միսակյանը «Արդուինո լաբորատորիա» եւ Վանաձորի թիվ 19 հիմնական դպրոցի սան Արամ Խաչատրյանը «Ուրախ ֆիզիկա» նախագծերով:

Վարդենիսի թիվ 2 հիմնական դպրոցի սան Տիգրան Խաչատրյանն իր «Բու» խաղով հաղթել է «Լավագույն գծագրություն եւ դիզայն» անվանակարգում:

Python ծրագրավորման լեզվով «Սարքերի ինտեգրում» անվանակարգում հաղթող է ճանաչվել Գյումրու «Ընտանիք կենտրոնի» արմացթի սան Սահակ Սահակյանն իր «Sahak’s bot» ծրագրով: Միեւնույն անվանակարգում 2-րդ եւ 3-րդ հորիզոնականն են զբաղեցրել Թալինի ավագ դպրոցի սան Ռոման Մխիթարյանը՝ «CarinSpider» եւ «Երևան Իմ Սեր» կենտրոնի արմաթցի սան Գրիգոր Մաղզանյանը՝ «RFID camera security» նախագծերով:

Հաղթողները Ucom ընկերության կողմից արժանացել են դրամական պարգեւի։ Ucom ընկերությունը, առանձնահատուկ խրախուսելով դպրոցահասակ արմաթցիների Python ծրագրավորման լեզվի իմացությունը, որպես մրցանակ պլանշետներ է նվիրել այդ անվանակարգի լավագույն եռյակին:

Հայաստանի ամերիկյան համալսարանն էլ դրամական պարգև է սահմանել հաղթանակի արժանացած դպրոցականների խմբավարների համար:

ԴիջիԿոդը բացահայտում է Հայաստանի ամբողջ տարածքում ինժեներություն ուսումնասիրող տաղանդավոր դպրոցականներին ու խրախուսում նրանց, որպեսզի խաղեր սպառողից վերածվեն խաղ ստեղծողի: ԴիջիԿոդն անցկացվում է 2015 թ-ից ԱՏՁՄ-ի կողմից: ԴիջիԿոդի գլխավոր հովանավորը Ucom ընկերությունն է, համակազմակերպիչ՝ Հայաստանի ամերիկյան համալսարան:

Share