Բաժին. Բիզնես

Նիկոլ Փաշինյան. Կանխատեսվում է, որ «Սպայկա»-ի պետբյուջե չվճարած գումարի չափը կարող է ավելանալ

«Սպայկա» ընկերության կողմից պետական բյուջե չվճարած 7.036.666.312 ՀՀ դրամ մաքսատուրքի և հարկի չափն, ըստ կանխատեսումների, կարող է ավելանալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս պահին 7 մլրդ է մեղադրանքը: Այդքան գումարով կարելի է 10%-ով բարձրացնել ուսուցիչների մեկ տարվա աշխատավարձը: Կանխատեսումն այն է, որ այդ թիվը դառնալու է 14, 25, 30 մլրդ, և բացվելու է մի մեծ կոռուպցիոն շղթա»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պատկան մարմիններին հանձնարարել է գործը քննել այնպես, որպեսզի չխաթարվի ընկերության բնականոն գործունեությունը:

2019 թ. ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ այլ պարտադիր վճար չկատարելը): ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից սույն թվականի ապրիլի 4-ին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Դավիթ Վենգերի Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7.036.666.312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ:

Ապրիլի 8-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Սպայկա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշում է կայացրել:

Share