Բաժին. Բիզնես

Beeline. իրականացվում է «Թվային հնարավորություններ աշակերտների համար» ծրագիրը

Հայաստանում Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամը հայտարարում են համատեղ «Թվային հնարավորություններ աշակերտների համար» ծրագրի իրականացման մասին։ Ծրագիրը միտված է աջակցելու Հայաստանի դպրոցներում ամենօրյա կրթական գործընթացն աշակերտների թվային հմտությունների միջոցով առավել ինտերակտիվ, հետաքրքիր և արդյունավետ դարձնելուն:

Նախագիծն առավել արդյունավետ իրականացնելու համար այն անցկացվում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ, և նախագծի մեկնարկի հայտարարմանը ներկա էր ՀՀ ԿԳՆ նախադպրոցական և միջնակարգ կրթության բաժնի պետ Սուսաննա Ազատյանը։ 

Ծրագիրը թիրախավորելու է ՀՀ Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Կոտայքի մարզերի 10 դպրոցների 13-16 տարեկան ընդհանուր թվով 150 աշակերտների՝ նրանց դասերից հետո ուսուցանելով այնպիսի թվային հմտություններ՝ կրթական գործընթացն առավել հեշտ ու արդյունավետ կազմակերպելու համար:

«Մենք որպես ժամանակակից տեխնոլոգիաների հետ անմիջապես կապ ունեցող ընկերություն ցանկանում ենք, որ այդ տեխնոլոգիաները հասանելի լինեն բոլորի համար, չէ՞ որ դրանք ստեղծված են մարդկանց կյանքը հեշտացնելու և բարելավելու համար։ Վստահ եմ, որ այս ծրագրի արդյունքում մեր դպրոցականները կսովորեն ժամանակակից տեխնոլոգիաները ծառայեցնել իրենց ուսման և աշխատանքի համար», – նշեց Հայաստանում Beeline-ի PR ղեկավար Նաիրա Նազարյանը:

«Ուրախ ենք Beeline-ի հետ մեկնարկել ևս մեկ հետաքրքիր և ուսուցողական ծրագիր, որը հնարավորություն կտա նոր տեխնոլոգիաների և թվային հմտությունների գործածությունն ուղղել դպրոց՝ աջակցելու կրթական գործընթացի կազմակերպմանը: Այսօր կարևոր է, որ աշակերտները հեռախոսներն ու համակարգիչներն օգտագործեն ավելի արդյունավետ նպատակով՝ օգտվեն այն հարթակներից ու սովորեն այնպիսի թվային հմտություններ, որոնք օգտակար կլինեն ոչ միայն դպրոցում, այլև ինքնազարգացման այլ օղակներում: Սա այն ծրագրերից է, որոնց երկարաժամկետ արդյունքը աշակերտների կրթական գործընթացում շոշափելի փոփոխություն մտցնելն է», – հավելեց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:

Նշենք, որ ծրագրի արդյունքում նախատեսվում է ստեղծել նաև ուսումնաօժանդակ ձեռնարկ-գործիքակազմ, որը հնարավորություն կընձեռի ծրագրի ընթացքում ուսուցանված գործիքներն ամբողջացնել՝ ներկայացնելով դրանց օգտագործման հնարավորություններն ամենօրյա կրթական գործընթացում և այն հասանելի դարձնել բոլոր դպրոցներում:

 

Share