Բաժին. Բիզնես

Ֆրանսիական «Sigfox» ընկերությունը պատրաստ է համագործակցելու հայաստանյան IoT ստարտափների հետ

Ժնևում անցկացվող Տեղեկատվական հանրության համաշխարհային ֆորումի (WSIS) շրջանակներում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է ֆրանսիական «Sigfox» ընկերության գործադիր տնօրեն Լյուդովիկ Լե Մոանի հետ։

«SIGFOX» ընկերությունը զբաղվում է իրերի ինտերնետի համար նախատեսված կապի սարքերի և ենթակառուցվածքների ներդրումով, որոնք աշխարհի ավելի քան 60 երկրներում մեկ միլիարդից ավելի մարդկանց թույլ են տալիս ուղարկել և ստանալ փոստային առաքանիներ և այլ իրեր՝ առցանց հետևելով դրանց տեղաշարժին, օգտագործելով ավելի քանի 50 անգամ ավելի քիչ էներգիա, քան դասական տեխնոլոգիաներով։ Նշված տեխնոլոգիաները նաև լայնորեն կիրառվում են խելացի քաղաքներում օգտագործվող այլ ուղղություններով։

Հանդիպման ընթացքում քննարկվել է բարձր տեխնոլոգիական ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Պոլիտեխնիկական համալսարանում կազմակերպել իրերի ինտերնետի երեք ամիս տևողությամբ դասընթացներ «SIGFOX»-ի ունեցած և աշխարհի տարբեր երկրներում տեղ գտած կրթական հարթակի միջոցով, որի արդյունքում ուսանողները կծանոթանան իրերի ինտերնետի ուղղությամբ աշխարհի ամենաառաջանցիկ տեխնոլոգիաներին և հնարավորություն կստանան մասնակցելու միջազգային ցանցի աշխատանքներին, ինչպես նաև ստեղծելու իրենց «IoT Startup»-ը:

Լյուդովիկ Լե Մոանը նշել է, որ պատրաստ են համագործակցել Հայաստանում գտնվող IoT ստարտափների հետ, ինչը երկուստեք կստեղծի նոր հնարավորություններ ամբողջ աշխարհում տարածելու իրենց տեխնոլոգիաները։

Հանդիպմանը նախարար Հակոբ Արշակյանը Լյուդովիկ Լե Մոանին հրավիրել է մասնակցելու հոկտեմբերի 6-9 Երևանում կայանալիք ՏՏ համաշխարհային կոնգրեսին:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share