Բաժին. Բիզնես

Beeline. Երեխաների պաշտպանության միջազգային օրը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

Այս տարի Երեխաների պաշտպանության միջազգային օրն առանձնահատուկ շուքով նշվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (ԳԱԿ), քանի որ 2019 թ.-ին լրանում է Կենտրոնի հիմնադրման տասնամյակը: Այդ կապակցությամբ ավելի քան 200 դպրոցականներ նախ՝ փուչիկների, իսկ ապա՝ նաև լապտերների օգնությամբ պատկերեցին ԳԱԿ 10-ամյակի պատկերանշանը:

Beeline-ի հովանավորությամբ իրականացվող «Քո դրոշակը» ստեղծագործական ծրագրի ընթացքում երեխաները Գաֆէսճեան քանդակների պարտեզում պատրաստեցին ԳԱԿ արվեստանմուշները պատկերող դրոշակներ:

Այցելուներին նաև հնարավորություն ընձեռվեց մասնակցել Beeline-ի հովանավորությամբ կայացած «Ստեղծիր քո շրջայցը» նոր կրթական նախագծին՝ ուսումնասիրելով Կենտրոնում ցուցադրված արվեստանմուշները և միաժամանակ կատարելով մի շարք ինտերակտիվ առաջադրանքներ:

Շնորհավորելով երեխաներին՝ Կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը նշեց. «Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ մեր հավատարիմ գործընկեր Beeline-ի աջակցությամբ հունիսմեկյան միջոցառումների հետաքրքիր ծրագիր ենք պատրաստել՝ փորձելով երեխաների համար հիշարժան դարձնել այս տոնը: Մեր երկարատև համագործակցության շնորհիվ ամեն տարի ներկայացնում ենք նոր և հետաքրքիր ստեղծագործական նախաձեռնություններ»:

«Սա առաջին տարին չէ, որ մենք մասնակցում ենք այս գեղեցիկ տոնի կազմակերպմանը և պետք է ասեմ, որ Beeline-ը շատ է գնահատում Գաֆէսճեան կենտրոնի կրթական գործունեությունը։ Լավ կրթությունն ապահով և լիարժեք ապագայի գրավականն է, հետևաբար մեր երեխաներին պաշտպանելու լավագույն միջոցն է», – նշեց Beeline-ի գործադիր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հայաստանի ամենահայտնի երիտասարդական էթնիկ ռոք խմբերից մեկի՝ ԹմբաԹա նվագախմբի բացօթյա համերգն էլ ավելի աշխուժացրեց տոնական մթնոլորտը, իսկ միջոցառումների ավարտն ազդարարվեց ճոխ հրավառությամբ:

Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ.-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում Կենտրոնում պարբերաբար անցկացվում են տարաբնույթ կրթական ծրագրեր:

———–

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակշշույթի լավագույնը: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր, դասախոսություններ և կրթական ծրագրեր:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն («Beeline» ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մասն է։ «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է «NASDAQ» և «Euronext Amsterdam» բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Share