Բաժին. Բիզնես

Siemens-ը Երևանի նոր ՋԷԿ-ին սարքավորումներ կմատակարարի և կտրամադրի սպասարկում

Գերմանական Siemens ընկերությունը «Երևան-2» գազատուրբինային ջերմաէլեկտրակայանի կառուցման համար արդիական սարքավորումներ կմատակարարի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Siemens ընկերության պաշտոնական կայքը:

Նշվում է, որ Siemens ընկերությունը 20 տարի իրականացնելու է ՋԷԿ-ի սպասարկումը: ՋԷԿ-ի կառուցման և շահագործման համար ստեղծված ArmPower ընկերությունում Siemens-ը 40 տոկոս բաժին ունի: «Երևան-2» նախագիծը Siemens-ի համար Հայաստանից ամենախոշոր պատվերն է:

«Ռենկո» ընկերությունը պատասխանատու է ՋԷԿ-ի նախագծման և կառուցման աշխատանքների համար և «Սիմեսթ» ընկերության հետ հանդիսանում է ArmPower ընկերության  60 տոկոս բաժնետերը:

ՀՀ կառավարությունում 2019 թվականի մարտի 4-ին տեղի է ունեցել Երևանում 250 մեգավատտ հզորությամբ ջերմաէլեկտրակայանի կառուցման վերաբերյալ ուղիղ համաձայնագրի ստորագրումը: Համաձայնագիրը ստորագրել են Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը, Միջազգային ֆինանսական կորպորացիայի (Համաշխարհային բանկի խումբ) տարածաշրջանային կառավարիչ Յան Վան Բիլսենը, Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալը, «Ռենկո»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինին, «Արմփաուեր»-ի լիազորված ներկայացուցիչ Սիմոնե Ջովաննինին,  «Ամերիա» բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, Գերմանական ներդրումային կորպորացիայի (DEG) Հայաստանի պատասխանատու Պետեր Գյերգյայը, «Սիմենս փրոջեքթ վենչրս»-ի գործադիր տնօրեն Կլաուս Քոլոֆը:

2018 թվականի նոյեմբերին  ՀՀ կառավարության, «Արմփաուեր»-ի և «Ռենկո»-ի միջև եռակողմ շրջանակային համաձայնագիր էր ստորագրվել՝ Երևան քաղաքի տարածքում ժամանակակից ջերմաէլեկտրակայան կառուցելու վերաբերյալ:

Նշվել է, որ 250 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ այս ներդրումային նախագիծը կյանքի կկոչվի 26 ամսվա ընթացքում ու այլ ջերմաէլեկտրակայանների համեմատ էլեկտրաէներգիայի արժեքը կլինի ամենացածրը։ Նոր ՋԷԿ-ի շինարարության մեջ կներգրավվի 1000-1200 մարդ, իսկ շահագործման ժամանակ կստեղծվի 230 աշխատատեղ:

Ծրագիրը նախատեսվում է իրագործել արդիական սարքավորումների ներդրմամբ ու գիտական փորձի հիման վրա, ինչի շնորհիվ Հայաստանը կունենա բարձր արդյունավետությամբ ու անվտանգ գործող էներգետիկ կայան: Կնվազեցվի նաև Հայաստանի էներգետիկ համակարգի համար բնական գազի ծախսը և կբարձրանա էներգամատակարարման հուսալիությունը:

 

Share