Բաժին. Բիզնես

Մաքսատուրքից ազատման արտոնություն ստացան 4 ընկերություններ

Կառավարությունը հուլիսի 25-ի նիստում մաքսատուրքից ազատման արտոնություն տվեց «Այ Պլաստ» ընկերությանը: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ընկերության կողմից ներկրվող ապրանքներն օգտագործվելու են բժշկական կպչուն սպեղանիների արտադրության մեջ: Արտադրությունը գործելու է Երևանում, կազմակերպությունը գործունեություն է ծավալում 2013 թվականից: Ներկրվող ապրանքների ընդհանուր գումարը կազմելու է շուրջ 130 մլն դրամ, որից մաքսատուրքից ազատման արտոնության գումարը կազմում է 8 մլն դրամ, իսկ պետբյուջեի եկամուտների նվազումը՝ 98 հազար դրամ:

Կազմակերպությունում ներկայումս առկա է 6 աշխատատեղ, նախատեսվում է, որ կստեղծվեն ևս երեքը:

Գործադիրը բավարարեց նաև «Ոսկե Կար» կազմակերպության հայտը: Այն գործում է Երևանում 2010 թվականից, զբաղվում է հագուստի արտադրությամբ: «Ծրագրի շրջանակում նախատեսում է իրականացնել մոտ 2 մլրդ դրամի ներդրումներ: Ներկայումս կազմակերպությունում աշխատում է 151 մարդ, նախատեսվում է ստեղծել ևս 60 նոր աշխատատեղ՝ 110 դրամ միջին աշխատավարձով: Այս ծրագրով արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 3,75 մլրդ դրամ»,- ասաց նախարարը: Մաքսատուրքից ազատման ընդհանուր գումարը կազմում է 158 մլն դրամ, որից պետբյուջեի եկամուտների նվազումը՝ 1,9 մլն դրամ:

Կառավարությունն արտոնություն տվեց նաև «Արտ գլոբալ» ՍՊԸ-ին: Այն գործում է Երևանում, զբաղվում է թղթե և ստվարաթղթե ապրանքների արտադրությամբ՝ բաժակներ, ափսեներ և այլն: Ընկերությունը գործում է 2015 թվականից, նախատեսում է իրականացնել 250 մլն դրամի ներդրում, ստեղծել 20 նոր աշխատատեղ՝ 150 հազար դրամ միջին աշխատավարձով: Այս ծրագրով նախատեսվում է արտադրել մեկ մլրդ դրամի արտադրանք: Մաքսատուրքից ազատման գումարը կազմում է 12,3 մլն դրամ, որից պետբյուջեի եկամուտների նվազումը՝ 150 հազար դրամ:

Մաքսատուրքի արտոնություն ստացավ նաև «Ին-Վի» ընկերությունը, որը զբաղվում է մալուխների և հաղորդալարերի արտադրությամբ: Արտոնություն ստանալու համար ապրանքների արժեքը կազմում է 1 մլրդ 80 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման գումարը 70 մլն դրամ է, որից պետբյուջեի եկամուտների նվազումը՝ 856 հազար դրամ:

Ծրագրով ապրանքների ծավալը կկազմի 5 մլրդ դրամ:

Share