Բաժին. Բիզնես

Hye box. Հայկականը՝ մեկ արկղում. Մեկնարկել է Sevan Startup Summit 2019-ը

Հուլիսի 28-ին մեկնարկեց Sevan Startup Summit 2019-ը։ Այս անգամ ևս միջոցառումը հյուրընկալել է ավելի քան 1000 մասնակիցների և 120 ստարտափների։ Բիզնես24-ը նույնպես ներկա էր Սամմիթի բացման արարողությանը և փորձեց պարզել, թե այս տարի ինչպիսի նախագծերով են հանդես գալու մասնակիցները։

Ֆրանսիական համալսարանի չորրորդ կուրսի ուսանողուհի Էլմիրա Գաբրիելյանը Hye box ստարտափի համահիմնադիրն է։ Բաժանորդագրությունների մոդելի վրա հիմնված սոցիալ-մշակութային ստարտափը նպատակ է հետապնդում սփյուռքում ապրող, սակայն հայկական արմատներ ունեցող երեխաներին և երիտասարդներին ծանոթացնելու հայկական մշակույթին, Հայաստանում տեղի ունեցող նշանակալի իրադարձություններին՝ այդ կերպ նպաստելով այդ երեխաների և երիտասարդների ինքնաճանաչմանը։

Hye box-ը իրենից ներկայացնում է տուփ, որտեղ յուրաքանչյուր ամիս հավաքվում են Հայաստանը և հայկական մշակույթը արտապատկերող 4-5 իր։ Տուփի պարունակությունը կարող է լինել զարդանախշ գրքերից մինչև հայկական արտադրության մուրաբաներ։ Տուփերը նախատեսված են 4-12 տարեկան երեխաների և 16-24 տարեկան երիտասարդների համար։ Էլմիրան շեշտում է, որ նախագծի նպատակը ոչ միայն դրսում գտնվող հայ երեխաներին իրենց արմատներին ծանոթացնելն է, այլև տեղի փոքր կազմակերպություններին, հայ սկսնակ արտիստներին և խոցելի խմբերին աջակցելն է, քանի որ տուփերը հավաքվում են հենց նրանց միջոցով։ Ստացվում է՝ հայրենիքից հեռու՝ հայ պատանիները կկարողանան որոշակի ազդեցություն ունենալ հօգուտ սեփական երկրի և իրենց ազգակիցների։

Ստարտափն ակտիվ աշխատանքներ է իրականացնում. իրենց գործունեությունը սկսել են դեռևս այս տարվա մարտ ամսին և արդեն գրանցել են երկու վաճառք։ Տուփերից մեկը ուղևորվել է դեպի Իռլանդիա, մյուսը՝ Իտալիա։ Հետո կանգ առան, փորձեցին վերլուծել և հասկանալ, թե ինչպիսին են արձագանքները. ցանկանում են բարելավել արտադրանքը, հասկանալ, թե ինչ է պետք փոխել՝ հիմնվելով գնորդների արձագանքների վրա։ Այժմ աճի նոր փուլում են. Էլմիրան նշեց, որ սկզբնական շրջանում իրենց թիրախային շուկան 4-12 տարեկան երեխաներն էին՝ հաշվի առնելով այն փաստը, որ հենց այդ տարիքում է ձևավորվում երեխաների աշխարհընկալումն ու արժեքները, սակայն ժամանակի հետ հասկացան, որ սփյուռքահայ երիտասարդները նույնպես կարիք ունեն ինչ որ կերպ բացահայտել իրենց մշակույթը և արմատները։

Ստարտափերները ակնալում են զարգացնել և հղկել իրենց գաղափարները, կապեր ստեղծել և զարգացման նոր փուլ մտնել։

Share