Բաժին. Բիզնես

WCIT 2019. 15 տոմս է նվեր՝ Հայաստանի ուսանողներին, Google-ի կողմից, ԱՏՁՄ-ն կրկնապատկում է թիվը

«WCIT 2019»-ի հովանավոր «Գուգլը» Երևանում կայանալիք ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի 15 տոմս է նվիրում Հայաստանի ուսանողներին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանը՝ իր ղեկավարած ԱՏՁՄ-ի անունից նշելով որ կրկնապատկում է այդ թիվը։

30 անվճար տոմսերը կտրամադրվեն առաջին դիմողներին։ Հոկտեմբերի 3-ին, Երևանի ժամանակով 9։00-ին «WCIT 2019»-ի ֆեյսբուքյան էջում կհայտնվի հայտը, որն անհրաժեշտ է լրացնել՝ նշելով անուն, ազգանուն, այլ տվյալներ, կցել անձնագրի և ուսանողի կարգավիճակը հաստատող փաստաթղթի պատճենները։  

«ԱՏՁՄ-ն կարևորում է կթրությունն ու ՏՀՏ ոլորտի համար պրոֆեսիոնալ կադրերի պատրաստումը։ Ավելի վաղ «WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեն մասնակցության 100 անվճար տոմս է շնորհել Հայաստանի համալսարանների լավագույն ուսանողներին, որոնց ներկայացրել են ՏՏ, ճարտարագիտություն և բնական գիտություններ դասավանդող համալսարանները»,- նշել է «WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեի և ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։

Դասախոսների, ուսանողների, ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների համար նույնպես մասնակցության բացառիկ հնարավորություն է սահմանվել։

«WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանն այսօր հետևել է միջոցառման անցկացման վայրի նախապատրաստական աշխատանքներին։ Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից ֆոտոշարքը հասանելի է միջոցառման flickr-ի պաշտոնական էջում՝ WCIT 2019 Yerevan:

———–

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

 

Share