Բաժին. Բիզնես

«ՄՏՍ TV» բջջային հավելված՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Շանթ» ՀԸ-ի համագործակցությամբ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային նոր հավելվածի՝ «ՄՏՍ TV»-ի շնորհիվ այլևս հասանելի կդառնա «Շանթ» հեռուստաընկերության բացառիկ ծրագիրը, ներառյալ՝ ժամանցային հաղորդումներն ու կարևոր ֆուտբոլային հանդիպումները: «ՄՏՍ TV»-ն թույլ կտա արդյունավետ տնօրինել ժամանակը խցանման մեջ կամ հերթում, ինչպես նաև՝ զբաղեցնել երեխաներին՝ մեքենայում կամ հանգստի վայրում:

«ՄՏՍ TV» հավելվածը նոր խոսք է հայերեն բովանդակությունն առավել հասանելի դարձնելու գործում: Հավելվածը թույլ է տալիս սմարթֆոնը վերածել լիարժեք հեռուստացույցի, կարևոր տեղեկություններ ստանալ նաև տնից դուրս գտնվելիս և դիտել հայկական մի շարք հեռուստաալիքներ և սերիալներ HD որակով ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի 3G և 4G/4G+ ցանցերի ծածկույթում, ինչպես նաև՝ Wi-Fi-ի միջոցով: Հավելվածի օգտագործումը մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ անվճար է:

Ֆեյսբուքյան ասուլիսի ձևաչափով նախագիծը ներկայացրել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու «Շանթ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Արթուր Եզեկյանը:

«ՄՏՍ TV» հավելվածից օգտվելու անհրաժեշտ պայմաններ են Android օպերացիոն համակարգի դեպքում՝ նվազագույնը Android 5-ը, իսկ iOS-ի դեպքում՝ 10-ը: Հավելվածները պետք է ներբեռնել Google Play Store-ից կամ՝ Apple Store-ից: Նախնական շրջանում տրամադրվելու են հետևյալ 11 հեռուստաալիքները՝ Shant Premium HD, Shant News, Shant Serial, Shant Music, Shant HD, Shant Kids, TV5, Հ1, Հ2, Երկիր մեդիա և Կենտրոն: «ՄՏՍ TV» հավելվածում ներառված՝ «Շանթ» հեռուստաընկերության ստեղծած բովանդակության ամբողջական փաթեթը շարունակելու է ընդլայնվել:

Ծառայությունը հասանելի է «Viva 2500», «Viva 3500», «Viva 5500», «Viva 7500», «Viva 9500», ինչպես նաև «X» և «Y» թե՛ կանխավճարային և թե՛ հետվճարային սակագնային պլանների բաժանորդներին: «ՄՏՍ TV»-ի շրջանակներում տրամադրվող ծրագրերը դիտելիս՝ ինտերնետը լինելու է անվճար: «ՄՏՍ TV» հավելվածն օգտագործելիս այս սակագնային պլաններով տրամադրվող հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում:

Ծառայությունն ակտիվանալու է հավելվածում գրանցվելուն պես՝ մուտքագրելով հեռախոսահամարն ու անհրաժեշտ այլ տվյալներ, և հասանելի է լինելու բջջային ընդամենը մեկ սարքի միջոցով: Գրանցման վերաբերյալ մանրամասներին ու պայմաններին ծանոթանալու համար այցելեք www.mts.am/TV:

Հավելվածն ունի հարմարավետ ինտերֆեյս, էլեկտրոնային ուղեցույց, որտեղ բաժանորդը կարող է ծանոթանալ ալիքների, ծրագրերի և ժանրերի մասին տեղեկատվությանը, ինչպես նաև՝ սահմանել հիշեցումներ, որոնք օգտատիրոջը հաղորդումից առաջ կտեղեկացնեն դրա մասին:

«ՄՏՍ TV» բջջային հավելվածի գործարկումը ռազմավարական գործընկեր ու հայկական տեսաբովանդակության առաջատար արտադրող «Շանթ» հեռուստաընկերության հետ, կարևոր քայլ է ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ հեռահաղորդակցության օպերատորից թվային ծառայությունների օպերատորի փոխակերպման ճանապարհին: Թվային նոր դարաշրջանում բովանդակությունը դառնում է առանցքային, և ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ի հաշիվ իր ամենաընդարձակ ցանցի, ապահովում է թվային բովանդակության առավելագույն հասանելիություն՝ իր ապրանքանշանը կրող հավելվածի միջոցով: Ընկերությունը հետևողականորեն մուտք է գործում նոր ոլորտներ՝ համաշխարհային միտումներին համընթաց», – ասել է Վիվասել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«ՄՏՍ TV» բջջային հավելվածի ստեղծման գործում Շանթ ՀԸ-ն ներդրել է իր ողջ ներուժը և հեռուստատեսային ոլորտի հարուստ փորձը: Ապահովելով հավելվածի կոնտենտը՝ մենք առաջարկում ենք հայկական մասնագիտացված ալիքներ՝ ըստ լսարանի ճաշակի ու հետաքրքրությունների: Առանց գովազդային ընդհատումների, catch-up-ի և հիշեցման հնարավորություններով «ՄՏՍ TV» հավելվածը կխնայի օգտատիրոջ ժամանակն ու հնարավորություն կտա բաց չթողնել ոչ մի հաղորդում»,- ասել է Արթուր Եզեկյանը:

Բջջային հավելվածի շրջանակներում տրամադրվող ծառայությունները հասանելի են լինելու բացառապես ՀՀ տարածքում:

———–

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share