Բաժին. Բիզնես

Robotex միջազգային մրցույթը՝ առաջին անգամ Հայաստանում

Դիջիթեք ցուցահանդեսից եւ ՏՏ համաշխարհային համաժողովից (WCIT 2019) զատ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն (ԱՏՁՄ) այս տարի ներկայացնում է եւս մեկ միջազգային նշանակության նախագիծ՝ ռոբոտաշինության Robotex Armenia միջազգային մրցույթը։ Robotex միջազգային միավորման այս մրցույթը Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա նոյեմբերի 9-ին Խուլերի մշակույթի և սպորտի հանրապետական պալատում։ Այն անց է կացվելու «Խելացի քաղաք» խորագրով:

«Միությունը նպատակ է դրել Հայաստանը դարձնել ավտոմատ ռոբոտների մրցույթների կենտրոն և այդ առումով մեր երկիրը ճանաչելի դարձնելու համար Հայաստան է հրավիրում ոլորտի համաշխարհային մրցույթներ: Այս անգամ, մասնավորապես, դա Robotex մրցույթն է», – նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Մրցույթի նպատակն է խրախուսել ռոբոտաշինության, ծրագրավորման և դիզայնի նկատմամբ հետաքրքրությունը և հանրահռչակումը, ռոբոտաշինության ոլորտի և ճարտարագիտական մտածելակերպի զարգացումը:

Միջազգային բարձր կարգի այս միջոցառման հյուրընկալումը մեծ պատասխանատվություն լինելուց բացի նաև մեծ փորձ և ոգևորության աղբյուր կլինի ռոբոտաշինությանը տիրապետող բազմաթիվ դպրոցականների համար: Այն նշանակալի հարթակ է, որտեղ ռոբոտաշինությամբ և ծրագրավորմամբ զբաղվով երիտասարդները կարող են ներկայացնել իրենց հմտությունները, ունակություններն ու գիտելիքները։

Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) անդամակցել է Robotex միջազգային միավորմանը: Վերջինս կոնսոլիդացնում է շուրջ 50 երկիր, որոնք գործունեություն են ծավալում ռոբոտաշինության ոլորտի զարգացման ուղղությամբ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը, Հունաստանը, Էստոնիան, Կոլումբիան և մի շարք այլ երկրներ։

Robotex Armenia մրցույթի հովանավորն է Ucom ընկերությունը, գործընկեր՝ Symotec ընկերությունը։

Share