Բաժին. Բիզնես

2019թ. հունվար – սեպտեմբերին ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալն աճել է 25.65%-ով

Պետական Եկամուտների Կոմիտեի կողմից հրապարակվել է ՀՀ 1,000 խոշոր հարկատու ընկերությունների 2019թ. հունվար – սեպտեմբերին ցուցակը, որտեղ ներկայացված են նաև Հայաստանի առաջատար հեռահաղորդակցական ընկերությունները։

Յուքոմը (Ucom) զբաղեցնում է խոշոր հարկ վճարողների ցուցակի 13-րդ հորիզոնականը։ 2019թ. հունվար – սեպտեմբերին ընկերությունը մուծել է 7.37 մլրդ դրամ հարկ։ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 69.13%-ով կամ 3.01 մլրդ դրամով։

16-րդ հորիզոնականում է ՄՏՍ Հայաստանը (Վիվասել-ՄՏՍ)։ Ընկերությունը մուծել է 6.65 մլրդ դրամ հարկ։ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալը նվազել է 3.46%-ով կամ 0.24 մլրդ դրամով։

18-րդ հորիզոնականում ՎԵՈՆ Արմենիան (Beeline) է: Ընկերությունը մուծել է 5.83 մլրդ դրամ հարկ։ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 38.16%-ով կամ 1.61 մլրդ դրամով։

ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ (Ռոստելեկոմ) ընկերությունը ցուցակի 167-րդ հորիզոնականում է։ Ընկերությունը մուծել է 0.78 մլրդ դրամ հարկ։ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալը նվազել է 18.24%-ով կամ 0.17 մլրդ դրամով։

Առաջատար 4 հեռահաղորդակցական ընկերության կողմից մուծվել է 20.64 մլրդ դրամ հարկ։ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 4.21 մլրդ դրամով կամ 25.65%-ով։

Վերոնշյալ հեռահաղորդակցական ընկերություններին բաժին է ընկնում 1,000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ընդհանուր ծավալի 2.7%-ը։ 2018թ.-ի համանման ցուցանիշը 2.44% էր։

Share