Նոյեմբերի 13-ին Կոտայքի մարզի Հրազդան համայնքում տեղի կունենա «ԱրՍան» արևային արդյունաբերական կայանի պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա կգտնվեն ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, Կոտայքի մարզպետը, ներկայացուցիչներ Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովից, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից, մի շարք երկրների, այդ թվում Գերմանիայի և Չինաստանի դեսպաններ, հայաստանյան գործարարներ, որոնցից շատերն արդեն իսկ կիրառում են արևային էներգիայի լուծումներն իրենց բիզնեսների համար։ Միջոցառմանը ներկա գտնվելու համար Հայաստան է ժամանել արևային վահանակներ արտադրող միջազգային առաջատար ընկերություններից Phono Solar-ի (Ֆոնո Սոլար) փոխնախագահ պարոն Մայքլ Լին։
Արդյունաբերական «ԱրՍան» արևային էլեկտրակայանի կառուցման մեկնարկը տրվել էր այս տարվա հունիսին։ Տեղադրված դրվածքային հզորությունը կազմում է 2 ՄՎտ (ֆոտովոլտային հզորությունը՝ 2,2 ՄՎտ)։ Կիրառվել են միջազգային շուկայում ներկայում ամենաժամանակակից՝ bifacial half-cut վահանակներ, որոնք էլեկտրաէներգիա են գեներացնում երկու՝ դիմային և հակառակ կողմերով։ Այսպիսով՝ Հայաստանում «ԱրՍան»-ը արտադրողականությամբ, ինչպես նաև վահանակների գումարային հզորությամբ ամենամեծ արևային կայանն է։ Այն տարեկան կարտադրի 3,4ԳՎտժ էլեկտրաէներգիա, կնվազեցնի շրջակա միջավայր ածխաթթու գազի արտազատումը տարեկան 1500 տոննայով։
Կայանի բացման արարողությունն իրականացնելուց հետո, «ԱրՍան»-ի համասեփականատեր Կարեն Ղազարյանը իր գործընկեր Հայկ Շեկյանի հետ միասին շրջայց կկազմակերպեն «ԱրՍան»-ում՝ ներկայացնելով կայանի առանձնահատկությունները, կիրառված նորագույն լուծումները, հետագա ներդրումային պլանները։ Միջոցառումը կեզրափակվի հյուրասիրությամբ։ Լրագրողների այցը կայան և վերադարձը հոգում է ընկերությունը։