Բաժին. Բիզնես

Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի ծրագրի շրջանակում մեկնարկել է վերջին փուլը

Հայաստանում Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի համատեղ  «Թվային հնարավորություններ աշակերտների համար» ծրագրի շրջանակում մեկնարկել է վերջին փուլը։ Ծրագրի նպատակն է Հայաստանի դպրոցներում ամենօրյա կրթական գործընթացը դարձնել առավել ինտերակտիվ, հետաքրքիր և արդյունավետ՝ աշակերտներին թվային հմտություններ տրամադրելու շնորհիվ:

Ծրագիրը թիրախավորում է ՀՀ Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Կոտայքի մարզերի 10 դպրոցների 13-16 տարեկան 120 աշակերտների, որոնցից 100-ը մասնակցել են դասընթացների փուլին:

Այսօրվա հանդիպման ընթացքում ծրագրի մասնակիցները ներկայացրին դասապրոցեսին աջակցող լուծումներ, որոնք մշակել են սեփական ուժերով տարբեր առարկաների համար՝ օգտագործելով ծրագրի շրջանակում ձեռք բերած թվային հմտությունները և գիտելիքները:  Գաղափարների ներկայացմանը հաջորդեց խմբերին խրախուսական մրցանակներով պարգևատրման արարողությունը:

«Մենք որպես գործատու ակնկալում ենք, որ մեր աշխատակիցները պիտի տիրապետեն այսօրվա թվային գործիքներին, և վստահ եմ, բոլոր գործատուները մտածում են նույն կերպ: Ուստի մեր այս ծրագիրը պիտի մասնակիցներին հնարավորություն տա ապագայում մրցունակ լինելու աշխատաշուկայում և կօգնի ուսուցիչներին թվային գործիքների շնորհիվ դասավանդման գործընթացը դարձնել շատ ավելի դյուրին և արդյունավետ», – նշեց Հայաստանում Beeline-ի PR ծառայության ղեկավար Նաիրա Նազարյանը:

«Թվային հնարավորություններ աշակերտների համար» ծրագիրը  քաղհասարակության և բիզնեսի միջև հաջողված համագործակցության լավագույն օրինակներից է, որը խոսում է կրթության կարևորության մասին: Կարծում ենք, որ ապրելով թվային, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած աշխարհում՝ շատ կարևոր է ունենալ ՏՏ գրագիտություն և թվային հնարավորությունների արդյունավետ կիրառման հմտություն. մեկ բան է պարզապես ծանոթ լինել համացանցին և նրա կիրառմանը, մեկ այլ բան՝ իմանալ և հասկանալ,  թե ինչպես այն ճիշտ օգտագործել և որտեղ ինչ փնտրել», – հավելեց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:

Նշենք, որ նախատեսվում է ստեղծել նաև ուսումնաօժանդակ ձեռնարկ-գործիքակազմ, որը հնարավորություն կընձեռի ծրագրի ընթացքում ուսուցանված գործիքներն ամբողջացնել՝ ներկայացնելով դրանց օգտագործման հնարավորություններն ամենօրյա կրթական գործընթացում և այն հասանելի դարձնել բոլոր դպրոցներում:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Share