Բաժին. Բիզնես

Որքա՞ն արժե ARARAT-ի «Էրեբունի 50» նոր ուլտրապրեմիալ կոնյակը

Նոյեմբերի 7-ին Երևանի կոնյակի գործարանը հայտարարեց Էրեբունի 50 նոր ուլտրապրեմիալ կոնյակի թողարկման մասին։ Այն ARARAT-ի ներկայիս շարքի ամենահնացված կոնյակն է՝ վառ, հագեցած, անկրկնելի էջ հայկական կոնյակագործության 130-ամյա պատմության մեջ:

Էրեբունի 50 արտահայտիչ կուպաժն ավելի քան 50 հազվագյուտ սպիրտների ներդաշնակ համադրություն է, որոնցից ամենահինը՝ Երևանի կոնյակի գործարանի գանձարանի հազվագյուտ նմուշը, 104 տարեկան է: Արևով օծված Էրեբունի 50-ը ARARAT շարքի գագաթնակետն է, քանզի այս կուպաժի սպիտներից յուրաքանչյուրն արտադրված է արևով ողողված և հաճախ «կյանքի օրրան» անվանվող Արարատյան դաշտավայրում աճող էնդեմիկ հայկական խաղողից:

Վերջին օրերի ընթացքում «Բիզնես 24»-ի բազմաթիվ ընթերցողները դիմում էին մեզ՝ կոնյակի գինը ճշտելու հարցով։ Մենք հարցում կատարեցինք ԵԿԳ և ստացանք հետևյալ պատասխանը. «Էրեբունի 50» կոնյակը Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանին կից գործող խանութ-սրահում վաճառվում է 572 000 դրամով: Խնդրում ենք նկատի ունենալ, որ այլ խանութներում գինը կարող է բավականին տատանվել»։

Share