Բաժին. Բիզնես

Սրճարան դարձած տունը. «Գուռու»

Երևանի Սարյան 13 հասցեում գտնվում է «Գուռու ակումբ և այգի» ռեստորանը։ Սրճարանի տեղը շատերը գիտեն, բայց քչերին է հայտնի՝ սրճարանը նախկինում տուն է եղել. այստեղ ապրել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ճարտարապետության դոկտոր, պրչոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ Վարազդատ Հարությունյանը՝ ծնված Վան քաղաքում 1909թ-ին։

Տունը կառուցվել է 1938-ին։ Ճարտարապետ-պատմաբանն այստեղ ապրել է 1938-2008թ.թ.։ Վարազդատ Հարությունյանը տունը կտակել է թոռանը։ Վերջինս երկար է մտածել՝ ինչ անել տան հետ, հատկապես որ տանտիրոջ մահից հետո տունն անմխիթար վիճակում էր։ Ի վերջո՝ օգնության են հասել ընկերները։  Թանգարան, ճարտարապետների ակումբ, հակասրճարան. Մի քանի տարբերակ քննարկելուց հետո որոշել են՝ տունը դարձնելու են սրճարան։ Եվ այսպես, բացվեց Գուրուն։ Վայր, որը հիշեցնում է հին Երևանը՝ տաքուկ, անմիջական, գեղեցիկ ու հյուրընկալ։

Հին Երևանի մի փոքրիկ մասնիկ է այս տունը, բայց վերջինիս պատմությունն այսքանով չի ավարտվում։

Ամենահետաքրքիր մանրամասները պարզել ենք «Գուռու»-ի հիմնադիր-տնօրեն Նատալիա Անտոնյանից։ Վերջինս սրճարանը բացելուց առաջ հետաքրքրվել է տան պատմությամբ, հարևաններից հետաքրքիր պատմություններ հավաքագրել, հավաքել լուսանկարներ, կտավներ։ Այս ամենը հավանաբար գարնանամուտին կցուցադրվեն սրճարանում բացվելիք ցուցահանդեսում։ Բայց մինչ այդ ծանոթացեք Վարազդատ Հարությունյանի, նրա տան և «Գուռու»-ի պատմությանը տեսանյութում։

Share